«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործով կալանավորվել է 3 անձ՝ գլխավոր տնօրենը, գլխավոր հաշվապահն ու հաշվապահության ծառայության գծով տնօրենը
«Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության գործով կալանավորվել է երեք անձ՝ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը, գլխավոր հաշվապահ Տիգրան Զոհրաբյանը և հաշվապահության ծառայության գծով տնօրեն Սիմոն Առաքելյանը:
Tert.am-ի հետ զրույցում Տիգրան Զոհրաբյանի և Սիմոն Առաքելյանի պաշտպան Արմեն Անդրիկյանն ասաց, որ դատարանը բավարարել է իր պաշտպանյալներին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը, սակայն կալանքը հիմնավորող որևէ հանգամանք գոյություն չունի:
«Չկա հիմնավոր կասկածի առկայություն, որով իմ պաշտպանյալները պետք է կալանավորվեն: Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 38-205 հոդվածի 2-րդ մասով (hարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելուն հանցակցելը): Իմ պաշտպանյալներն իրենց առաջադրված մեղադրանքները չեն ընդունում: Մեղադրանքում, կալանքի միջնորդությունում չկա որևէ տեղեկություն, թե որ քայլին են օժանդակել իմ պաշտպանյալները»,-ասաց փաստաբանը:
Նշենք, որ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ունանյանը մեղադրվում է նաև 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ներկրվող ապրանքների մաքսազերծման ծառայություններ մատուցող և մենաշնորհային դիրք զբաղեցնող «Նորֆոլկ Քոնսալթինգ» ընկերության հետ կապված բացահայտումներ էր արել՝ նշելով, որ գործունեության 9 ամիսների ընթացքում ընկերության անօրինական եղանակով ստացված եկամուտը կարող է կազմել շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի («Առանձնապես խոշոր չափերով հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չկատարելը») և 308-րդ հոդվածի 2-րդ մասի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ») հատկանիշներով, որի շրջանակներում միաժամանակ իրականացվել են 10-ից ավելի խուզարկություններ, որոնց արդյունքում «Նորֆոլկ Քոնսալթինգ» ՍՊԸ գրասենյակից և ընկերության տնօրենի առանձնատնից առգրավվել են շուրջ 500 հազար ԱՄՆ դոլար գումար, բանկային քարտեր, գործի համար նշանակություն ունեցող բանկային և մաքսային փաստաթղթեր: