ԱՄՆ-ում մանկապարտեզի դաստիարակները 2-ամյա երեխայի կոշիկները կպչուն ժապավենով ամրացրել են ոտքերին
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի մանկապարտեզներից մեկում զավեշտալի դեպք է տեղի ունեցել. անընդհատ իր կոշիկները հանող 2-ամյա աղջնակն այնքան է նյարդայնացրել դաստիարակներին, որ վերջիններս կպչուն ժապավենով ամրացրել են երեխայի կոշիկները ոտքերին։
Ինչպես գրում է life.ru-ն, երեխայի մայրը՝ Ջեսիկա Հեյսը, սովորականի պես եկել է մանկապարտեզ՝ իր երեխային տուն տանելու։ Երբ նա տեսել է փոքրիկին՝ սարսափել է․ երեխայի վարդագույն կոշիկները սպիտակ կպչուն ժապավենով ամրացված են եղել ոտքերին։ Դրանք այնքան կիպ են փաթաթված եղել, որ երեխայի ոտքերը սկսել են ուռչել։
Դաստիարակները բացատրել են, որ աղջիկն անընդհատ հանել ու նորից է փորձել հագնել կոշիկները, և իրենք ստիպված են եղել մոտենալ ու ամեն անգամ նորից հագցնել դրանք։ Դա հունից հանել է նրանց, ինչի համար էլ որոշել են դիմել կպչուն ժապավենի օգնությանը։
Ջեսիկան չի շտապել վեճ սարքել մանկապարտեզում, սակայն սոցցանցերից մեկի իր էջում կիսվել է երեխայի ոտքերը պատկերող լուսանկարով՝ համապատասխան գրությամբ։
Սոցցանցի օգտատերերը քննադատել են դաստիարակների վարքը՝ համարելով այն դաժան ու անհասկանալի։ Մեկնաբանություն գրած կանանցից մեկն էլ նշել է, որ իր դստեր հետ նույն բանն է պատահել։ Դեպքից հետո դաստիարակներն ազատվել են աշխատանքից, իսկ մանկապարտեզի ղեկավարությունը ներողություն է խնդրել երեխայի մորից։