Փարիզում պատշգամբից ընկնող երեխային փրկած ներգաղթյալը Ֆրանսիայի քաղաքացիություն և աշխատանք կստանա (տեսանյութ)
Մալիից ներգաղթյալը, որը Փարիզում փրկել էր պատշգամբից ընկնող չորս տարեկան երեխայի կյանքը, Ֆրանսիայի քաղաքացիություն և փրկարարի աշխատանք կստանա, հայտնում է BBC-ն՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին:
Երկուշաբթի առավոտյան Մակրոնը հանդիպել է Մալիից ներգաղթյալ Մամուդու Գասամայի հետ և շնորհակալություն հայտնել նրան իր խիզախ արարքի համար: Ֆրանսիայի նախագահը նրան արիության համար վկայագիր է շնորհել:
Ավելի վաղ բրիտանական The Guardian պարբերականը հրապարակել է տեսանյութ, որում երևում է՝ ինչպես է Գասաման դիմում հերոսական քայլի՝ «Սարդ մարդու» պես մագլցում շենքի վրա ու փրկում 4-րդ հարկի պատշգամբից ցած ընկնելու վտանգի մեջ հայտնված երեխային:
Երեսունչորս վայրկյան տևողությամբ տեսանյութում երևում է՝ ինչպես է 22-ամյա Գասաման մի պատշգամբից մյուսը բարձրանում ու, ի վերջո, հասնում 4-րդ հարկ՝ բռնելով երեխային: