Եթե գործարար պատգամավորներն ունենան երաշխիքներ, որ իրենց սեփականությանը ոչինչ չի սպառնում` չեն ցանկանա լինել ԱԺ-ում. Լ. Նազարյան
Ես վստահ եմ, որ գործարար պատգամավորներն առանձնապես հետաքրքրված չեն լինի գալ Ազգային ժողով այդ կոճակը սեղմելու համար, եթե ունենան երաշխիքներ, որ իրենց սեփականությանը ոչինչ չի սպառնում: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Լենա Նազարյանը:
«Ուղերձներ ենք հղում հատկապես գործարար պատգամավորներին, մենք ուզում ենք իսկապես տալ երաշխիքներ այդ տնտեսվարողներին, որ նրանք հետաքրքրված չլինեն գտնվել ԱԺ-ում: Նրանք պարզապես ուզում են ինչ-որ անձեռնմխելիություն ունենալ, որ կարողանան իրենց շահը պաշտպանել, բայց եթե մենք հստակ ասենք, որ դուք գործելու եք օրենքի շրջանակում, և որ կլինի մասնավոր սեփականության պաշտպանություն, արդար դատավարություն, եթե ինչ-որ խնդիրներ առաջանան և ձեզ ոչինչ չի սպառնում, եթե ստանան այդ երաշխիքները, գուցե ինչ-որ պահի նաև չցանկանան լինել ԱԺ-ում»,-ասել է պատգամավորը:
Նրա ձևակերպմամբ՝ իրենք բոլոր հարցերի պատասխանները չունեն, ինչպես չեն ունեցել շարժման սկզբին, երբ լրագրողներն իրենց անընդհատ հարցնում էին՝ ինչ է լինելու հետո, ինչ կլինի, եթե այսքան մարդ հավաքվի: «Ըստ իրավիճակի՝ մենք կգտնենք հնարավորինս շահեկան, լավ լուծումներ և կառաջարկենք»: