Թուրքիայում որևէ կուսակցություն կամ դաշինք չի կարողանա մեծամասնություն ապահովել խորհրդարանում․ ուսումնասիրություն
Ստամբուլում գործող IE հետազոտական կենտրոնի տվյալների համաձայն՝ Թուրքիայում հունիսի 24-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում երկրի որևէ կուսակցություն կամ դաշինք չի կարողանա մեծամասնություն ապահովել խորհրդարանում, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։
Ըստ նախնական հարցումների՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության և նրա կոալիցիոն գործընկեր «Ազգային շարժում» կուսակցության կազմած դաշիքին պատրաստ է կողմ քվեարկել ընտրողների 44.5 տոկոսը, ընդդիմադիր Ժողովրդահանրապետական, «Լավ» և «Երջանկություն» կուսակցությունների կազմած դաշինքին կողմ է ընտրողների 40.5 տոկոսը։ Քրդամետ ժողովրդադեմոկրատներին պատրաստ է ձայն տալ քաղաքացիների 13.5 տոկոսը։
Որպես նախագահի թեկնածու՝ հարցվածների 44.02 տոկոսը պատրաստ է իր ձայնը կրկին տալ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Մյուս թեկնածուների վերաբերյալ հարցումների արդյունքները չեն հրապարակվել։
Ենթադրվում է, որ, ամենայն հավանականությամբ, հունիսի 24-ին նախատեսված արտահերթ նախագահական ընտրություններն առանց երկրորդ փուլի չեն անցնի։