Կոռուպցիան դառնալու է անվտանգության խնդիր. Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար (տեսանյութ)
Պետք է մինչև վերջ բացահայտել բոլոր կոռուպցիոն գործընթացները կամ սկանդալները․ լրագրողների հետ զրույցում այսպես ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ Սարդարապատի հուշահամալիրի մոտ առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված միջոցառման մեկնարկից առաջ:
Նա, անդրադառնալով ՀՀ նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ իր ունեցած հեռակա բանավեճին, ասաց, որ թեման արդեն կարելի է փակված համարել:
«Հայաստանի պաշտպանական համակարգն ուժեղացնելու համար անհրաժեշտ է մի շարք բարեփոխումներ անել: Պաշտպանական համակարգը մեկ կոմպոնենտ չէ, բազմակոմպոնենտ է, և կարելի է ասել, որ տեղական ինքնակառավարման մարմիններից սկսած մինչև Պաշտպանության բանակ պաշտպանության համակարգի մի մաս են կազմում»,- ասաց նա՝ հավելելով, որ անվտանգությունը մի մեծ համակարգ է, որի մասին պետք է մտածեն ազգային անվտանգության նոր հայեցակարգը մշակելիս:
Արմեն Գրիգորյանի խոսքով՝ համակարգային առումով ազգային անվտանգության հայեցակարգում փոփոխություններ չեն լինելու, շարժվելու են Սահմանադրությամբ: «Սահմանադրությունն այն միակ փաստաթուղթն է, որ մեր հարաբերություները կարգավորում է: Ես, օրինակ, ու մեր ամբողջ թիմը, դեմ լինելով սահմանադրական փոփոխություններին, այս հեղափոխության մթնոլորտում կողմ ենք եղել, որ շարժվենք Սահմանադրությամբ, որովհետև այն փաստաթուղթ է, որ կարգավորում է մեր հարաբերությունները»,- ասաց նա:
Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ փոփոխություններ են լինելու միայն իրենց մոտեցումներում: «Նույն կոռուպցիան և այլ հարցեր դառնալու են անվտանգության խնդիրներ»,- ասաց նա: