Եթե հոգևորականն անարգալից է ժողովրդի նկատմամբ՝ թող մեզանից ոչինչ չսպասի. պոլսահայ գործիչը՝ Աթեշյանին
Ստամբուլի հայկական Սուրբ Հովհաննես եկեղեցու հիմնադրամի նախագահ Հարություն Հարուն Շանլըն, քննադատելով Պոլսո Հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին, հայտարարել է, որ վերջինս չի կարող համայնքի կողմից որևէ աջակցություն ակնկալել, քանի դեռ հարգալից չէ իրենց իսկ նկատմամբ: Այս մասին գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:
Շանլըն պատրիարքարանում կայացած համայնքային ժողովներից մեկի ժամանակ, մասնավորապես, հիշեցրել է, որ հայաստանյան այցերից մեկի ժամանակ Աթեշյանն «անկիրթ» էր անվանել համայնքում իրեն դեմ դուրս եկած ստամբուլահայերին:
«Մենք ձայն չենք հանում, անարգանք չենք ցուցաբերում, որպեսզի պատրիարքական դիրքը չարատավորվի: Սակայն եթե հոգևորական անձն այդ նույն նրբանկատությունը մեր հանդեպ չի ցուցաբերում ու անարգալից է ժողովրդի նկատմամբ՝ կներեք, թող ոչինչ մեզանից չակնկալի», - ասել է Շանլըն:
Նշենք, որ վերանշյալ ժողովին ներկա են գտնվել նաև Պոլսո պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս ԲԵկչյանը, Մեջլիսի հայազգի պատգամավորներ Սելինա Դողանն ու Կարո Փայլանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը բացահայտել է շաբաթներ առաջ Ստամբուլի նահանգապետի հետ ունեցած հանդիպման մանրամասները և խոստովանել, որ թուրքական իշխանությունները բացեիբաց պահանջել են Պոլսո Հայոց պատրիարքի ընտրված տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանի հրաժարականն ու չեն ընդունում նրան այդ պաշտոնում: