Կարեն Կարապետյանի աշխատանքը որևէ կապ չունի ապրիլից հետո իր վարչապետ մնալու կամ չմնալու հետ. Հ. Իգիթյան
Միջազգային հարցերով փորձագետ, ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը գտնում է, որ Հայաստանում ներդրում կատարելու գրավչությունը չի բարձրացել, և այդ ուղղությամբ որևէ պայմաններ չկան:
«Երեք գլխավոր հարց են լուծել այն երկրները, որոնք հաջողությունների են հասել, առաջինը՝ կոռուպցիայի նվազում կամ վերացում, երկրորդ՝ օրենսդրական հնարավորություններ` ներդրումային հոսքերի համար և բաց սահման: Հայաստանում այդ երեքից հատկապես առաջինն ընդհանրապես չի իրականացվում»,-ասաց նա:
Նա նկատեց, որ ներդրումների ավելացման մասին ընտրությունների ժամանակ էլ, հիմա էլ խոսում են իշխանությունները:
«Սակայն մենք տեսնում ենք, որ ստեղծված ակումբները որևէ կապ չունեն տնտեսական հաշվարկների հետ: Ռուսաստանից մի հարուստ մարդու եղբորը կամ խնամուն այստեղ գործի նշանակել և սրանով ակնկալել, որ այդ հարուստ մարդը Հայաստան գումար կբերի, դա որևէ կապ չունի տնտեսության զարգացման կամ ներդրումային քաղաքականության հետ»,-ասաց նա:
Հովհաննես Իգիթյանը ներդրումների համար նաև կարևորեց մակրոկառուցվածքի ստեղծումը:
Ինչ վերաբերում է ապրիլից հետո Կարեն Կարապետյանի՝ վարչապետի պաշտոնում մնալուն, ապա նա ասաց. «Կարեն Կարապետյանի հայտարարությունները կամ նույնիսկ աշխատանքը որևէ կապ չունի ապրիլից հետո իր վարչապետ մնալու կամ չմնալու հետ: Իր վարչապետ լինել-չլինելը կախված է մեկ մարդուց` Սերժ Սարգսյանից: Եթե Սերժ Սարգսյանը նպատակահարմար գտավ, որ ինքը շարունակի վարչապետ լինել, կշարունակի, իսկ եթե գտնի, որ կա այլ մարդ, կլինի այդ մարդը, ում ինքը կորոշի: Նույնիսկ այն հանրապետականները, ովքեր ասում են, թե կքննարկեն, նոր կորոշեն, դա խորամանկություն է: Որևէ հանրապետականների խումբ այդ մակարդակի որևէ հարց Հայաստանում չի լուծելու»: