ՀՀ–ում որևէ քաղաքացի` անկախ իր փողի քանակից, հայրիկի կամ հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր լինել չի կարող. Շարմազանովը` «Ճվճվ Արոյի» որդիներին առնչվող դեպքերի մասին
Թե՛ հանրապետության նախագահը, և թե Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեկ անգամ չէ, որ խոսել են արդարադատության համակարգում տիրող խնդիրների մասին: Այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում` անդրադառնալով «Ճվճվ Արոյի» որդիների՝ Սերժ և Սարգիս Վարդանյանների հետ կապված վերջին օրերի իրավապահ մարմինների գործողությունների ոչ պատշաճ կատարման և ընդհանրապես արդարադատության համակարգի խնդիրների մասին լրագրողի դիտարկմանը այս մասին ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Լրագրողի հարցին` Նախագահը տեղյա՞կ է գործընթացին և ի՞նչ դիրքորոշում ունի, Շարմազանովը պատասխանեց.
«Մեր նպատակը շատ լակոնիկ ներկայացնեմ: ՀՀ-ում որևէ քաղաքացի` անկախ իր ծագումից, պաշտոնից, փողի քանակից, հայրիկի կամ քեռու, հորեղբոր պաշտոնից, օրենքից վեր չի կարող լինել։ Բոլորը պետք լինեն օրենքին հավասար։ Երկրորդ` կա՞ աշխարհում մի ոլորտ, որտեղ ամեն ինչ իդեալական է։ Իմ կարծիքով` ոչ: Թերություններ կան այն կառույցներում, որտեղ կա աշխատանք, կարող եմ բազմաթիվ առավելություններ բերել, որ կան ուժային կառույցների աշխատանքում»:
Շարմազանովը նկատեց, որ ժամեր առաջ Միացյալ Նահանգների Պետդեպը հրապարակել է այցելության համար վտանգավոր և անվտանգ երկրների սանդղակը. ՀՀ–ն ընդգրկվել է անվտանգ երկրների ցանկում։
«Ի ուրախություն մեզ`ՀՀ–ն ամենաապահով ու անվտանգ երկրների մեջ է, սա օդից չի եկել և մեր Նախագահի և ուժային կառույցների, արդարադատության համակարգի և իշխող քաղաքական ուժի ամենօրյա աշխատանքի արդյունքն է։ Եթե կուզեք` թե՛ ՀՀ ոստիկանապետի, թե՛ ԱԱԾ պետի և նրանց գործընկերների օրնիբուն աշխատանքի արդյունքն է : Ի դեպ` ըստ Պետդեպի այդ զեկույցի` Ադրբեջանը գտնվում է երկրորդ վտանգավոր գոտում, իսկ Թուրքիան շատ ավելի վտանգավոր»,-ասաց Շարմազանովը:
Երկու ոստիկանի մահվան ելքով վրաերթի մասնակից Սերժ և Սարգիս Վարդանյաններին ստորագրությամբ ազատ արձակվելու վերաբերյալ իրավապահ մարմինների որոշումը Շարմազանովը չմեկնաբանեց՝ նշելով, որ դա խիստ պրոֆեսիոնալ ոլորտ է, որի շուրջ մասնագիտական գնահատականներ հնչեցնելուց զերծ կմնա: