ՀՀ նախագահի պաշտոնում կներկայացնենք թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն , լուրջ հետք և բարձր հեղինակություն. Է. Շարմազանով
Քիչ առաջ ավարտվել է ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին նիստից հետո լրատվամիջոցներին հայտնել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Նա նշել է, որ նիստի ընթացքում ամբողջությամբ ամփոփել են 2017-ի քաղաքական տարին, նախանշել 2018-ի առաջին եռամսյակի անելիքները, առաջիկա շաբաթվա ընթացքում քաղաքական մեծամասնության անելիքները ԱԺ-ում, ինչպես նաև ներքաղաքական արտաքին քաղաքական հարցեր են քննարկվել:
Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրմանը վերաբերող հարցին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ մինչև ՀՀ նախագահի թեկնածուի առաջադրումը՝ ԱԺ-ն պետք է ընտրի Բարձրագույն դատական խորհրդի հինգ ներկայացուցչի:
«Մենք դա կանենք փետրվարի ընթացքում, աստիճանաբար մենք սկսելու ենք քննարկումները հաջորդ շաբաթվա ընթացքում: Նույնը նաև ՀՀ նախագահի ընտրության հետ կապված. ՀՀԿ –ն դեռևս պաշտոնական քննարկում չի սկսել, նախաքննարկման փուլում ենք: Հաջորդ շաբաթվանից միգուցե սկսենք քննարկումները: Ամեն ինչ իր ժամանակին կքննարկենք, կհայտարարենք, նախագահի պաշտոնում կներկայացնեք մի թեկնածուի, ով կունենա շատ լուրջ կենսագրություն, շատ լուրջ հետք և անուն, նաև բարձր հեղինակություն:
Շարմազանովը նաև անդրադարձավ Գագիկ Հարությունյանի՝ նախագահ դառնալու ցանկության մասին դիտարկմանը՝ նշելով, որ Գագիկ Հարությունյանը հերքել է, որ ինքը ցանկություն ունի դառնալու ՀՀ նախագահ. «Մենք հարգում ենք նրա կարծիքն ու որոշումը»,– նշեց Շարմազանովը: