ԱՄՆ-ն փորձում է Թուրքիայի համբերությունը. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն երբեք չի ստանա Թուրքիայում կալանավորված իր քաղաքացիներին, քանի դեռ ինքը նախագահի պաշտոնում է, այս մասին գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Էրդողանը հիշեցրել է, որ ԱՄՆ-ն այդպես էլ չի արտահանձնել Թուրքիային Անկարայի կողմից հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող թուրք կրոնական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին ու հայտարարել, որ ԱՄՆ-ն աջակցում է Գյուլենին:
«Սրանից հետո դուք Թուրքիայից ցանկացած ահաբեկիչ խնդրեք, քանի դեռ ես այս պաշտոնին եմ՝ չեք ստանա», - ասել է Էրդողանը:
Ըստ նրա՝ «ԱՄՆ-ն փորձում է Թուրքիայի համբերությունը»:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:
Թուրքիայի նախագահը նաև հիշեցրել է, որ ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Սիրիայի հյուսիսում գործող քրդական զինված ջոկատներին, որոնք Թուրքիայի կողմից ընկալվում են ահաբեկչական ու վտանգ են ներկայացնում Թուրքիայի սահմանների համար: