Առաջին հերթին պետությունը պետք է մտածի գյուղատնտեսությունը սուբսիդավորելու մասին, հետո՝ հարկման դաշտ տանելու. Հ Բերբերյան
Պետությունը թող բարոյական գտնվի, ստեղծի այն ինկուբացիոն պայմանները, որ մեզ մոտ գյուղատնտեսությունը զարգանա, նոր հետո հարկման դաշտի մասին մտածի, Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով տեղեկատվությանը, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտած Հարկային նոր օրենսգրքով նախատեսվում է նաև գյուղատնտեսական ոլորտում հարկման մեխանիզմի ներդրում:
«Երբ որ ասենք թե 100 հա հող մշակվում է 7 եղբոր և հոր, մոր միջոցով, դա դառնում է արդեն մի քանի հոգու հող, որը միացրել են իրար, մշակում են, բայց դա կոոպերացիա չէ, ուղղակի մարդիկ ազգականներով այդ հողակտորը մշակում են, հիմա ի՞նչ, դա հաշվենք խոշոր հողակտո՞ր, խոշոր ֆերմերնե՞ր, թե որ մեկին հաշվենք: Երբ որ հարկային դաշտը կգնա, նրանք էլ կասեն` գիտես ինչ կա, այդ 100 հա-ից 5 հա-ն է իմը: Կարծում եմ, առաջին հերթին պետությունը դեռ պետք է մտածի գյուղատնտեսությունը սուբսիդավորելու մասին»,-ասաց նա:
«Առավոտ» օրաթերթի հետ զրույցում տնտեսագետ Արտակ Մանուկյանը նշել էր, որ նոր հարկային օրենսգրքով գյուղատնտեսության այն բոլոր սուբյեկտները, որոնք տարեկան 58,35 միլիոն դրամից ավելի արտադրանք են ստեղծում ամբողջի համար ԱԱՀ են վճարելու:
Ներկայիս պայմաններում՝ հաշվի առնելով մի շարք խնդիրներ, Բերբերյանը ողջամիտ չի համարում գյուղատնտեսական ոլորտի հարկումը:
«Ասենք թե ունենք 30 այդպիսի տնտեսություն , որոնք որ 58 միլիոնի շեմը գերազանցում են, բայց իրականում, երբ որ գնան ստուգման, կպարզվի, որ այդ հողակտորը մի քանի հոգու է, հետո ինչ պետք է անեն: Հլը թող թողեն գյուղացին ոտքի կանգնի, ոնց որ Եվրամիության ֆերմերներն են սուբսիդավորվում մինչև 500 եվրո մեկ հա-ին, ոնց որ ռուս ֆերմերն է սուբսիդավորվում: Բերել են, մտցրել են ԵԱՏՄ, որ անարդար մրցունակություն ստեղծեն: Ռուսաստանի ֆերմերը 30,40 տոկոս դիզվառելիքի համար սուբսիդավորվում է, չեն ամաչում, թե ուզում են Հայաստանում ընդհանրապես գյուղատնտեսությունը փակեն: Նպատակը հենց դա է էլի, որ Հայաստանի աշխատող ֆերմերները գնան ռուսի, Բելառուսի, Ղազախստանի հողերը մշակեն, Հայաստանում էլ դատարկ տարածք ստեղծեն»,-ասաց Հրաչ Բերբերյանը:
Միաժամանակ, Բերբերյանը կարևորեց, որ երեկ Հանրապետության նախագահի մոտ հրավիրված խորհրդակցությունում դիզվառելիքի թանկացման խնդիրը բարձրաձայնվել է:
«Մեր կառավարությունը այս տարի շատ լավ նվեր է պատրաստել հայ գյուղացուն՝ դիզվառելիքը մոտ 60 դրամով թանկացնելով, չհասկանալով, որ դիզվառելիքը գյուղացու համար դա ուղղակի միջոց է, որ իր տեխնիկան աշխատացնի, ոչ թե գյուղացին դրանից գումար է աշխատում, նա հող է վարում: Եվ այսօր մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 1 հա հողի մշակելը կոնկրետ կուլտուրայով մոտ 100 հազար դրամ ավելի ծախսատար է դարձել, ինքնարժեքը բարձրացել է: Հասկանում են, չեն հասկանում, թե թքած ունեն գյուղատնտեսության վրա: Եվ երեկ ի երջանկություն հայ գյուղացուն, հանրապետության Նախագահը շեշտեց, որ չի կարելի թույլատրել թանկացում գարնան դեմ դիմաց, երբ նոր են սկսում գյուղատնտեսական աշխատանքները: Դիզվառելիքը հարկավոր է սուբսիդավորել, որ գյուղացին չտուժի»,-ասաց Բերբերյանը:
Նրա խոսքով, այսօր գյուղատնտեսության մեջ միակ հաջող ուղղությունը մեր հանրապետությունում կարտոֆիլագործությունն է, որում նաև արտահանման միտում կա:
«Այսինքն` գոնե չխանգարեն իրենց դատարկ գլուխներով, այս պայմաններում էլ հայ գյուղացին կարողանում է աշխատել, ուզում են այնպես անել, որ սա էլ չանի: Հիմա այս տարի երրորդ երկրներից ներմուծվող սերմնացուի համար պետք է արդեն հարկ վճարեն, ինչի համար, դա այն դեպքում, երբ Ռուսաստանը սերմը հասցնում է Սանկտ-Պետերբուրգ եվրոպայից 80 եվրո է վճարում, իսկ հայ ֆերմերը, երբ որ հասցնում է Հայաստան նույն սերմերը, 220 եվրո է վճարում ճանապարհի համար»,-ասաց Հրաչ Բերբերյանը:
Նա նաև կարծում է, որ խոշոր ֆերմերների գյուղարտադրանքի ծավալները որոշելու առումով էլ պետությունը թերանալու է հարկման դաշտ տեղափոխելուց առաջ:
«Այդ որ հարկային տեսուչը այսօր կարող է գնալ բերքատվություն ստուգել: Մի երկիր, որ նորմատիվներ չունի մշակած, ասենք թե քանի կգ խաղողից մի շիշ կոնյակ կարելի է ստանալ, փոխարենը դրանով զբաղվի մտածում է՝ էլ որտեղից ժողովրդի գրպանը մտնի: Նույնը նաև ոռոգման համակարգում է՝ Ջրային կոմիտեն մի հատ թիվ է մշակել իր կողմից, գյուղացուն թալանում է: Այսինքն` ջրային կոմիտեն ինքն է որոշում թե 1 հա ոռոգելու համար գյուղացին ինչքան ջուր պետք է ծախսի: Կրկնակի թանկացրած է ջուրը»,-եզրափակեց Բերբերյանը: