Business Insider-ը բացահայտել է, թե ինչպես է իր առօրյան անցկացնում պատմության ամենահարուստ մարդը (լուսանկարներ)
Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որն օրեր առաջ ճանաչվել է որպես պատմության ամենահարուստ մարդը՝ 105 մլրդ ոլար կարողությամբ, առօրյան անցկացնում է կայուն ժամացուցակով:
Այս մասին գրում է Business Insider-ը՝ ներկայացնելով մեծահարուստ ամերիկացու առօրյան, որին պատկանում են նաև The Washington Post թերթը և Blue Origin ավիաշինարարական ընկերությունը:
Բեզոսը բավականին մեծ ուշադրություն է դարձնում հանգստին: Նա ամեն գիշեր քնում է 8 ժամ և առավոտյան արթնանում ինքնուրույն՝ առանց զարթուցիչի օգնության:
Նա իր օրն սկսում է առողջ նախաճաշով կնոջ՝ վիպասանուհի ՄաքՔենզի Բեզոսի հետ միասին:
Նա բավականաչափ ժամանակ է տրամադրում կնոջ և 4 երեխայի հետ անցկացնելու համար և երբեք հանդիպումներ չի նշանակում վաղ առավոտյան:
Բեզոսն այնքան էլ հաճախակի չի մասնակցում գործնական հանդիպումների. Amazon-ի ներդրողների հետ անցկացրած նրա հանդիպումները տարվա մեջ 6 ժամ են կազմում:
Երբ նա հանդիպում է հրավիրում, կիրառում է «երկու պիցցայի կանոնը». նա միշտ հրավիրում է այնքան մարդկանց, որոնց ճաշելու համար երկու պիցցան կբավարարի:
Բեզոսը շուտ բարկացող տնօրեն է եղել, սակայն ասում են, որ հատուկ մարզիչ է վարձել, որն օգնում է իրեն «մեղմել զայրույթը»:
Բեզոսը հետճաշյա սովորություն ունի. նա միշտ լվանում է ափսեները. «Ես համոզված եմ, որ դա ամենասեքսուալ գործն է, որ ես անում եմ», - խոստովանել է միլիարդատերը:
Հստակ չէ, թե արդյոք Բեզոսը կանոնավոր ժամանակ է տրամադրում մարզումներին, սակայն լրատվամիջոցները վերջին համաժողովից հետո նրա համեմատել Վին Դիզելի հետ՝ նկատի ունենալով մկանուտ կազմվածքը: