Քննչական կոմիտեն պնդում է․ ոստիկանությունը սխալ տեղեկատվություն է տարածել
Տռուզյանը պարզաբանեց, որ դեռևս 2017 թվականի սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած կողոպուտի դրվագով, երբ «Ճըվճըվ Արոյի որդի» անունով հայտնի Սերժ Վարդանյանը իր ծանոթի պարանոցից հափշտակել է ոսկյա վզնոցը, նա իսկապես բերման է ենթարկվել, Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել, որից հետո նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Ինչ վերաբերում է երկրորդ դրվագին՝ մասնավորապես 2017 թվականի նոյեմբերին Աֆրիկյաններ ռեստորանային համալիրում Սերժ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծին, ապա Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը հերքում է ոստիկանության պնդումը, թե նրան բերման են ենթարկել քննչական մարմին, որտեղ նրան կրկին ստորագրությամբ ազատ են արձակել:
«Ես ծանոթ եմ այդ հայտարարությանը և առնվազն տարակուսած եմ, քանի որ խուլիգանության դրվագով, ինչպես մենք նշել ենք մեր հայտարարության մեջ, ծանուցագիր է ուղարկվել Սերժ Վարդանյանին, ինչպես նաև երկու անգամ բերման ենթարկելու որոշում է կայացվել, որոնց կատարումը հանձնարարվել է Ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին, սակայն այդ բերման ենթարկվելու որոշումները չեն կատարվել: Սերժ Վարդանյանի հետ դատավարական գործողություն իրականացնելու հնարավորություն քննչական մարմինը ունեցել է բացառապես 2018 թվականի հունվարին», - «Ազատության» հետ զրույցում պնդեց Սոնա Տռուզյանը:
«Ազատության» հարցին՝ այսինքն խուլիգանության հոդվածով, երբ նա ծեծի է ենթարկել մատուցողին, այդ դրվագով Ոստիկանությունը Սերժ Վարդանյանին բերման չի՞ ենթարկել, քննչական մարմինը նրան չի՞ հարցաքննել, մեղադրանք չի՞ ներկայացրել, Տռուզյանը պատասխանեց․ - «Այսօր է նրան մեղադրանք առաջադրվել, իսկ առանց մեղադրանք առաջադրելու անձի նկատմամբ հնարավոր չէ ընտրել խափանման միջոց: Հետևաբար դա ինքնին վկայում է, որ այս տարածված հայտարարությունը իրականությանը չի համապատասխանում»:
Մեր ճշտմանը՝ այսինքն Ոստիկանությունը կեղծ հայտարարությո՞ւն է տվել, Քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը պատասխանեց․ - «Ես արձանագրում եմ միայն փաստական հանգամանքները: Նրան մեղադրանք է առաջադրվել այսօր՝ արդեն լրացված մեղադրանք է առաջադրվել: Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված կարգով դեկտեմբերին երկու քրեական գործերը միացվել են մեկ վարույթում, քանի որ մենք ունեինք կողոպուտի գործ, որը ընթացքի մեջ էր նախաքննության փուլում և նաև ունեինք երկրորդ քրեական գործը և պարզվել էր, որ այդ գործով ևս անցնում է Սերժ Վարդանյանը: Հետևաբար նրա մեղադրանքը լրացնելու անհրաժեշտություն կար: Ծանուցագիր ուղարկվել է, բերման ենթարկելու որոշումներ կայացվել են, սակայն, ինչպես հայտարարության մեջ նշել ենք, հունվարի 8-ին երկրորդ անգամ արդեն պատասխան ենք ստացել, որ նրա գտնվելու վայրի մասին տեղեկություններ չունեն։ Նույն օրն արդեն վարույթն իրականացնող մարմինը հայտարարել է հետախուզում»:
Անընդունելի համարելով ինչ֊ինչ շահերից ելնելով քրեական գործով քննիչի կողմից ձեռնարկված քայլերի խեղաթյուրումը և չփաստարկված հայտարարությունների հնչեցումը՝ Սոնա Տռուզյանը, միևնույն ժամանակ, խորհուրդ տվեց հավելյալ պարզաբանումների համար դիմել Ոստիկանություն: