Եթե դիզվառելիքի գնի բարձրացումը էական ազդեցություն ունենա գյուղմթերքի ինքնարժեքի վրա, ապա սուբսիդավորում կիրականացվի. Ռոբերտ Մակարյան
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով գյուղմթերքի թանկացումներին, ասաց, որ երեկ նախագահի մոտ խորհրդակցություն է տեղի ունեցել և եղել է կոնկրետ հանձնարարական գերատեսչություններին: «Առաջիկայում կառավարություն կներկայացվի գյուղմթերքների մասով ցանկը` սոցիալական նշանակություն ունեցող սոցիալական ապրանքների և համալիր ծրագիր` տեղական արտադրության խթանման տեղական արտադրություն ներմուծման փոխարինման»,-ասաց նա:
Ըստ փոխնախարարի` թանկացումները հիմնականում եղել են օբյեկտիվ և սուբյեկտիվ բնույթի և որոշ ապրանքներ թանկացել են, որոշները էժանացել:
«Հիմնականում տարին չորային էր, այսինքն` ոռոգման հետ կապված խնդիրներ կային, այս առումով որոշակի ապրանքատեսակներ գները բարձրացրել են, սակայն դա կարծում ենք ժամանակավոր երևույթ է: Օրինակ կարտոֆիլի գնի որոշակի բարձրացում է նկատվել դեկտեմբեր ամսին, սակայն գյուղացիական տնտեսությունները ունեն համապատասխան ամբարված բերքի քանակ և ապրանքը կմտնի շուկա և գների էժանացում կլինի»,-ասաց նա:
Ռոբերտ Մակարյանը նշեց նաև, որ նախարարի հետ մյուս շաբաթ կկազմակերպվեն հանդիպումներ պանիր, թռչնամիս արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ` հասկանալու համար գնային տատանումները ինչին են վերաբերում:
«Տավարի մսի թանկացումը ևս կապում են երաշտի հետ, կերի թանկացման հետ և 2017 թվականին ավելի քան տասն անգամ արտահանման ծավալները ավելացել են կենդանի կենդանիների և այստեղ հոգեբանական խնդիր է և գյուղացիական տնտեսությունները տեսնում են, որ պահանջարկ կա, գները փորձում են բարձրացնել»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է դիզվառելիքի թանկացմանը, ապա նա ասաց, որ եղել է ՀՀ նախագահի հանձնարարականը և եթե դիզվառելիքի գնի բարձրացումը էական ազդեցություն ունենա գյուղմթերքի ինքնարժեքի վրա, ապա մշակելու են ծրագիր, որպեսզի որոշակի չափով սուբսիդավորում իրականացվի:
«Բայց այսօրվա հաշվարկներով, այս պայմաններում դիզելային վառելանյութի համապատասխան թանկացումը էական ազդեցություն չի կարող ունենալ գյուղմթերքի վրա: Մեր մասնագետների հաշվարկների համաձայն` լոլիկի, խաղողի առումով մինչև 1-2 դրամի է հասնելու, այսինքն` անհանգստանալու խնդիր չունենք: Բայց սոցիալապես անապահով խավերին աջակցելու համար կա համապատասխան հանձնարարականը, եթե ռիսկային լինի, պատրաստ ենք սուբսիդավորման քաղաքականությունը շարունակենք»,-ասաց նա: