Իսպանուհին 9 հազար եվրոյի չեք է գտել թխվածքի մեջ
Իսպանիայի Ռոպերուելոս Դել Պարամո մունիցիպալիտետի բնակչուհին 9 հազար եվրոյի չեք է գտել Նոր տարվա համար գնված թխվածքի մեջ: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով Europa Press գործակալությանը:
Աղբյուրի հաղորդմամբ՝ Լան Բանյեսա բնակավայրում տեղակայված հրուշակեղենի գործարանը տոների նախաշեմին թաքցրել է այս անակնկալը հարյուրավոր թխվածքներից մեկի մեջ, որոնք վաճառքի են հանվել հունվարի երկուսին: Արտասովոր նվերով թխվածքը գնել է Ռոպերուելոս Դել Պարամոյի բնակչուհին:
Նշվում է, որ Ռոսա Մարիա դե Կատնո Ֆերնանդեսը գնել է երեք հատ «մոգերի թխվածք», որոնք իսպանացիներն ավանդույթի համաձայն ուտում են հունվարի վեցին՝ Աստվածհայտնության օրը: Կինը նվիրել է երկու թխվածքը, իսկ մեկը՝ հարած սերուցքով թխվածքը, թողել իրեն, որում և հայտնաբերել է 9 հազար եվրոյի չեքը:
Հրուշակեղենի գործարանի աշխատակիցների խոսքով՝ թխվածքներում դրամական պարգև թաքցնելու գաղափարը ծագել է իրենց մոտ 2009 թվականին, երբ հրուշակագործները որոշել են զարմացնել 500 եվրոյի չափով անակնկալով: Դրանից հետո գումարը գնալով աճել է: