Այս անգամ Սփյուռքում ավելի ընկալելի է եղել Դաշնակցության մասնակցությունը իշխանական կոալիցիային, քան նախորդ անգամ. ՀՅԴ Բյուրոյի անդամ
Որոշ հարցեր կյանքի կոչելու թափից գուցե դժգոհ լինենք, բայց ՀՀԿ-ի հետ հիմքային տարակարծություններ չկան: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:
Հարցին՝ արդյո՞ք ՀՅԴ Սփյուռքի կառույցներն արդարացված են համարում Դաշնակցության վերադարձը իշխանական կոալիցիա, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Սփյուռքում գտնվող մեր կառույցները միատարր չեն, տեսակետները տարբեր են, մենք խնդիր չունենք, որ բոլորը նույն կերպ մտածեն: Հայաստանում էլ միանշանակ չէ: Բայց կա վարք, կա կանոն, պատասխանատուները որդեգրել են այս կեցվածքը: Կարծում եմ, որ այս անգամ Սփյուռքում ավելի ընկալելի է եղել մեր մասնակցությունը կոալիցիային, քան նախկինում»:
Այն, որ Սփյուռքի համար, ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիա կազմելն այս անգամ ավելի ընկալելի էր, քան նախորդ անգամ, ըստ Մանոյանի, պայմանավորված է նրանով, որ ՀՅԴ-ն համաձայնել է իշխանական կոալիցիա մաս դառնալ սահմանադրական բարեփոխումներից հետո:
«Որպեսզի սահմանադրական փոփոխությունները վերածվեն օրենսդրության, դրանք կյանքի կոչվեն, բոլորն էլ հասկանում են, որ ՀՅԴ մասնակցությունն այս գործընթացում դրական է: Կարծում եմ, որ երբ քաղաքական կուսակցությունները իշխանություն են դառնում՝ կոալիցիա, թե մենակ, արդարացման համար չեմ ասում, փոխվում են, երբ ժողովուրդը դժգոհում է իրենցից: Մարդիկ փոփոխություն են ուզում: Իշխանության մեջ գտնելով՝ կուսակցությունները ինչ-որ տեղ նաև մաշում են, դա փաստ է: Չի բացառվում, որ նույնը Հայաստանում լինի: Այս բոլորով հանդերձ մենք գտնում ենք, որ մինչև հիմա առնվազն, հատկապես սահմանադրական փոփոխությունների գործընթացում, մեր մասնակցությունն ավելի դրական է իշխանական կոալիցիայում»,- մանրամասնեց Կիրո Մանոյանը:
ՀՅԴ-ականն ասաց, որ եթե ՀՀԿ-ի հետ իրենց տարաձայնությունները խորը լինեն՝ կողմերից մեկը դուրս կգա կոալիցիայից, բայց նման խնդիր այսօր չկա:
Հարցին՝ արդյոք ՀՅԴ-ն այս անգամ կարողանո՞ւմ է ազդել ընդունվող որոշումների վրա, ունի՞ համապատասխան լծակներ, Կիրո Մանոյանը պատասխանեց. «Հովիկ Աբրահամյանի վարչապետության ժամանակ մենք համագործակցեցինք, դա կոալիցիա չէր, բայց արդյունավետ չէր: Հիմա համագործակցության հուշագրով կան համապատասխան մեխանիզմներ: Հովիկ Աբրահամյանի ժամանակ կառավարության ծրագիրն արդեն իսկ որդեգրված էր, մենք ծրագրում փոփոխություններ իրականացնելու հնարավորություն չունեինք, իսկ հիմա մեր առաջարկները մաս են կազմում կառավարության ծրագրին: Որոշ հարցերի թափից գուցե դժգոհ լինենք, բայց հիմքային հարց չէ դա»: