Ամերիկացի հաղորդավարը Թրամփի մասին խոսելիս վիրավորել է հայերին (տեսանյութ)
Armenian Bar Association-ի հայերի իրավունքների հարցերով կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որում նշվում է, որ Հայոց ցեղասպանությունից ավելի քան հարյուր տարի անց Daily Show-ի հաղորդավար Թրևոր Նոահը «ժամացույցի սլաքը հետ է տվել դեպի մութ ժամանակներ, երբ օգտագործվում էին այնպիսի դատապարտելի ռասայական ածականներ, ինչպիսիք էին՝ «կեղտոտ հրեա» և «ալարկոտ նեգր» արտահայտությունները՝ թեկուզև ցածր տոնով»:
Հաղորդավարը հիշատակել է նաև հայերին՝ օգտագործելով «կեղտոտ հայ» արտահայտությունը: Հայտարարությունում խորը անհանգստություն է արտահայտվում այդ բառերի կիրառման առնչությամբ։ Նոահի քայլը որակվել է որպես սարսափելի, կոպիտ քայլ:
«Դրանք մեզ մոտ զզվանք են առաջացնում»,- ասված է հայտարարությունում:
«Երեկ առավոտյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է իր հոգեկան առողջության մասին հարցերին՝ Twitter-ում հաղորդագրություն գրելով: Սա իսկապես ծիծաղելի է: Միայն Դոնալդ Թրամփը կարող էր պաշտպանել իրեն և միևնույն նախադասության մեջ ամբողջովին արժեզրկեր իր ասածը: Դա նման կլիներ նրան, եթե մեկն ասեր՝ «Ես ամենահանդուրժող մարդն եմ, հարցրեք այս կեղտոտ հային»,- ասել է մասնավորապես Նոահը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը, անդրադառնալով իր հոգեկան վիճակին առնչվող տեղեկություններին, ասել էր՝ «Ես հոգեկան կայուն վիճակում գտնվող հանճար եմ»։
«Պարոն Նոահը երբեք չէր հանդգնի նման ձևով արտահայտվել հրեաների կամ սևամորթ ամերիկացիների վերաբերյալ: Եթե նա նման բան աներ, այժմ ստիպված կլիներ նոր աշխատանք փնտրել՝ իր դեմ ներկայացվող ջախջախիչ հայցերի բեռի տակ»,- ասված է հայտարարությունում:
«Մինչդեռ հայերին նման գարշելի կերպով հիշատակելը նախատեսված էր հանդիսատեսի ծիծաղն առաջացնելու համար՝ ծաղրելով նախագահ Թրամփի ինքնահռչակ հանճարությունն ու հանդուրժողականությունը։ Armenian Bar Association-ի հայերի իրավունքների հարցերով կոմիտեն դատապարտում է այդ վիրավորանքը»,- նշված է հայտարարությունում:
Կազմակերպությունը նաև նշել է, որ հաղորդման անունից ներողություն է ակնկալում: