Էդուարդո Էռնեկյանն օդանավակայանների բիզնեսի կառավարումը կփոխանցի զարմիկին
Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն օդանավակայանների ոլորտի իր բիզնեսում պատրաստվում է այս ամիս Նյու Յորքում բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխում իրականացնել (Initial Public Offering), գրում է bloomberg.com կայքը՝ մանրամասնելով, որ գործարքով զբաղվելու է նրա զարմիկը՝ Մարտին Էռնեկյանը:
Աղբյուրը նկատում է, որ դա կլինի խիստ խորհրդանշական քայլ: Հայ մեծահարուստի բազմամյա ու արգասաբեր կարիերայի ընթացքում արժեթղթերի վաճառքը կլինի նշանակալի իրադարձություն, որով կազդարարվի թանկարժեք բիզնեսի կառավարման ղեկի փոխանցումն իր իսկ ընտրած իրավահաջորդին:
«Ես եմ դիմում նման քայլի, սակայն դա չի նշանակում, որ կառավարողը ես եմ: Միակ մարդը, ով կառավարում է օդանավակայանները, զարմիկս է»,- Բուենոս Այրեսի իր գրասենյակում տված հարցազրույցի ժամանակ ասել է Էռնեկյանը:
Ընդհանուր առմամբ, 85-ամյա Էռնեկյանի՝ ամբողջ աշխարհում 51 օդանավակայան ղեկավարող Corporacion America Airports SA ընկերությունը մտադիր է հունվար-փետրվար ամիսների ընթացքում վաճառքի հանել 750 մլն դոլարի արժեթուղթ:
Հայտնի է, որ ընկերությունը 2017թ. առաջին 9 ամսում վաստակել է 1.2 մլրդ դոլար:
Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանների ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։
Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և «El Cronista» ֆինանսական ամսագիրը։ 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանն է պատկանում «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին: 2006թ. ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ բաժնետոմսերի 95%-ը։ Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում։
Անցյալ տարի արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին Ազգային հերոսի կոչում է շնորհվել։