Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումները միտված են լարվածության նվազեցմանը. Շավարշ Քոչարյան
Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը դեռևս չի հրապարակում, թե որտեղ և հունվար ամսի կոնկրետ որ օրն է տեղի ունենալու Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն ասաց, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման տեղի ու վայրի մասին տեղեկատվություն կտրամադրվի:
Խոսելով հանդիպման ակնկալիքների մասին՝ փոխնախարարն ասաց, որ նման հանդիպումների ժամանակ հնարավոր է առաջընթաց գրանցել բանակցություններում, բայց անհնար է այս փուլում խոսել դրա մասին, որովհետև կողմերի միջև իսպառ բացակայում է համաձայնությունը:
«Անհրաժեշտ է, որ ներդրվեն այն մեխանիզմները, որոնք կնպաստեն ապագայում այդ մթնոլորտի ձևավորմանը: Խոսքը վերաբերում է զինադադարի ռեժիմի պահպանմանը, ռազմական գործողությունների դադարեցմանը, հրադադարի ռեժիմի պահպանմանը: Այս տեսանկյունից հանդիպումներն առաջին հերթին միտված են լարվածության նվազեցմանը: Իհարկե, կորուստներ ունենք, կրակոցներ կան, բայց հանդիպումները նպաստում են, որ լարվածության մակարդակն իջնի»,- նշեց Շ. Քոչարյանը:
Հարցին՝ հնարավո՞ր է` մինչև նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ավարտը տեղի ունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում, փոխնախարարը պատասխանեց, որ այդ հարցը դեռևս չի քննարկվում: Ըստ նրա՝ նման հանդիպումները կախված են ԱԳ նախարարների հանդիպումներից:
Ի դեպ, Շավարշ Քոչարյանը խոսեց նաև Ռուսաստանում գործունեություն ծավալող գործարար Ռուբեն Թաթուլյանի շուրջ ծավալված աղմուկի հետ: Նա նշեց, որ Թաթուլյանը եղել է արտահաստիքային խորհրդական և հայտնել է իր տեսակետը, որն ամենևին ԱԳՆ տեսակետը չէ: Հարցին՝ ի՞նչ խորհուրդներ է տվել Ռուբեն Թաթուլյանը, Շավարշ Քոչարյանը պատասխանեց.
«Ես կողքին չեմ եղել: Չգիտեմ: Մարդկանց պետք է բազմակողմանի դիտարկել, ինքը դրական դեր էլ է կատարում: Սոչիում մենք ունենք հսկայական հայ համայնք, խնդիրներ են առաջանում հայ համայնքի հետ, և ինքը շատ է աջակցում, եկեք դա ֆիքսենք: Նա այլևս խորհրդական չէ, եղել է արտահաստիքային խորհրդական»,-ասաց փոխնախարարը։
Նա նշեց, որ Թաթուլյանը դիվանագիտական անձնագիր է ստացել օրենքին համաձայն, և իր կարծիքով՝ դեռևս ունի դիվանագիտական անձնագիր: