Ստամբուլում 3-րդ օդանավակայանի կառուցումից հետո Աթաթուրքի անվան օդանավակայանը կծառայի միայն նախագահների օդանավերն ընդունելու համար. թուրք նախարար
Ստամբուլի երրորդ միջազգային օդանավակայանի շահագործման հանձնվելուց հետո ներկայում գործող Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանը կծառայի միայն օտար երկրների առաջնորդների օդանավերն ընդունելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի և կապի նախարար Ահմեդ Արսլանը, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
«Այժմ մենք ավարտել ենք նոր օդանավակայանի կառուցման աշխատանքների 78 տոկոսը, ներկա փուլում ամբողջովին ավարտվել են տերմինալների կառուցումն ու բոլոր համակարգերի թեստավորման աշխատանքները: Մենք արդեն կարող ենք խոսել այս տարվա փետրվարին թեստային թռիչքների մեկնարկի մասին: Նոր՝ երրորդ օդանավակայանը կունենա երկու առանձին թռիչքուղի՝ արտակարգ վայրէջքների համար», - ասել է թուրք նախարարը:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ երրորդ օդանավակայանի կառուցման նպատակով արդեն ոչնչացրել են շուրջ 124 հա անտառապատ տարածք:
Ամիսներ առաջ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը, դիմելով երկրի տրանսպորտի և կապի նախարար Ահմեդ Արսլանին, հայտարարել էր, որ իշխանություններն իրենց կառուցած կամուրջներով, ճանապարհներով ու այլ շինարարական նախագծերով հպարտանալու փոխարեն, պետք է պատասխան տան Ստամբուլի էկոհամակարգն ամբողջովին խախտելու համար: