«Ծառուկյան» խմբակցությունն առաջարկում է գյուղատնտեսական հողերը տարբեր բնական աղետներից 40% վնասվելու դեպքում ազատել հողի հարկից
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:
Նախագծի հիմնական զեկուցող Վահե Էնֆիաջյանը նշեց, թե առաջարկվում է գյուղատնտեսական նշանակության հողերը, տնամերձ և այգեգործական հողամասերը բնակլիմայական աղետների հետևանքով՝ կարկուտ, երաշտ, ցրտահարություն և այլն, մշակաբույսերի, պտղատու այգիների առնվազն 40 տոկոս վնասվելու դեպքում տվյալ տարվա համար ազատել հողի հարկից:
«Բնական աղետների պատճառով գյուղացին տուժում է, և հարկային պարտավորության ենթարկելն անընդունելի է»,-ասաց նա և նշեց, թե տեղյակ են, որ գյուղացիները տեղից էլ վարկեր են վերցնում, որպեսզի տնտեսությունը զարգացնեն և այդ դեպքում նման վիճակում մեծ խնդրի առաջ են կանգնում:
«Այս առաջարկությունը ներկայացնում ենք, որ գործի միմիայն տվյալ տարվա համար»,-ասաց նա:
Հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը նկատեց, թե երևի նախագծի հեղինակները տեղյակ են, որ ՏԻՄ բյուջեի նվազեցմանը օրենք ընդունելու դեպքում պետբյուջեն պետք է փոխհատուցի:
«Այսինքն, եթե առաջարկում եք տեղական իշխանության բյուջեն նվազեցնելով արտոնություն սահմանել, ստացվում է, որ կառավարությանը պարտադրում եք երկրորդ նույնատիպ ծախսերը կատարել, քանի որ ունի պարտավորություն գյուղատնտեսական վնասներից սոցիալական խնդիրը լուծելու համար»,-ասաց նա։
Էնֆիաջյանը նշեց, որ եթե մասամբ կառավարությունը միջոցներ է հատկացնում, համայնքային պաշտոնյաներն են դրանք բաշխում, ինչը կամայականորեն է արվում:
ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մելիքյանն էլ նշեց, թե Կառավարության կողմից լուրջ սուբսիդավորումներ են արվում գոնե մասնակի, և սրանով համայնքային բյուջեն լուրջ վտանգի տակ է դրվում:
Բացի այդ նա նշեց, թե այդ դեպքում ինչ անել այն տնտեսությունների համար, որոնք հողը չեն մշակում, եկամուտ չունեն, բայց հողի հարկ են վճարում: «Ի՞նչ տարբերակում դնենք այդ մարդկանց մոտ՝ մեկը մշակել, վնաս է կրել, մյուսն էլ ընդհանրապես հնարավորություն չունի մշակել»,-հարցրեց նա:
Էնֆիաջյանը նշեց, թե դա նախաձեռնության հետ կապ չունի, մշակողը վարկ է վերցնում, մշակում է, աղետներից տուժում է և դեռ պետք է տոկոս ու վարկ վճարի:
Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանն էլ համաձյան էր՝ երկու գյուղացու միջև խտրական վերաբերմունք է դրվում: «Սա այն հարկատեսակն է, որը տնտեսական գործունեության հետ կապ ընդհանրապես չունի, եթե կա հարկման օբյեկտ, ուրեմն պետք է վճարվի»,-ասաց նա և նշեց, թե պետական միջոցների սուղ միջոցների պայմաններում նախագիծը նպատակահարմար չէ ընդունել:
Միքայել Մելքումյանն էլիր հերթին ընդգծեց, թե հողի կադաստրային արժեքը սահմանում են բերրիությամբ, այսինքն` մեկը մյուսին չեն հակադրում:
Գագիկ Մելիքյանը նշեց, թե գյուղացու վնասը պետք է փոխհատուցվի, բայց ոչ հարկատեսակներից ազատելու ճանապարհով:
Քննարկումից հետո առաջարկվեց խմբակցությանը հետ կանգնել նախագծից, մերժվելուց հետ հարցը դրվեց քվեարկության, և բացասական եզրակացությամբ հարցը կդրվի լիագումար նիստ: