Մոսուլում Թուրքիայի նախկին հյուպատոսը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին իրենց ԻՊ-ին «վաճառելու» համար
Իրաքյան Մոսուլում Թուրքիայի նախկին հյուպատոս Օզթյուրք Յըլմազը մեղադրել է իշխանություններին իրենց «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը «վաճառելու» համար, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը:
Յըլմազն ու հյուպատոսի աշխատակազմի 43 անդամ ԻՊ-ի ձեռքում պատանդ էին մնացել Մոսուլի թուրքական հյուպատոսարանի վրա իրականացված հարձակումից հետո, երբ ահաբեկիչները գրավեցին քաղաքը:
101 օր ԻՊ-ի ահաբեկիչների մոտ մնացած թուրք դիվանագետը մեղադրել է Թուրքիայի իշխանություններին սխալ արտաքին քաղաքականություն վարելու և ահաբեկիչների հետ համագործակցելու համար:
«Այն ժամանակ, երբ ես Մոսուլում գերի ընկա՝ դուք ծախեցիք մեզ ԻՊ-ին: Այսօր Իդլիբում եղած 2500 ջիհադականներին ասում եք «չափավոր ընդդիմադիր», ինչո՞ւ եք պաշտպանում նրանց, ինչո՞ւ եք երաշխավոր կանգնում: Նույն բանն արեցիք Հալեպում, պարտվեցիք, այստեղ էլ եք պարտվելու», - ասել է Մոսուլում Թուրքիայի նախկին հյուպատոսը:
Յըլմազի հայտարարություններին ի պատասխան Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նախ հրաժարվել է պատասխանել նրա հարցերին, իսկ այնուհետև ասել. «Իրաքում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան դառնալու համար քանի՞ անգամ ես եկել դուռս»: