ՍԴ որոշումով փոփոխություն կկատարվի «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում
Կառավարության այսօրվա նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց «Տեղական ինքնակառավարման մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու որոշման նախագծերը:
«Հարցը կապված է ՍԴ-ի նոյեմբերի 10-ի որոշման հետ, որի արդյունքում մենք պետք է երկու փոփոխություն կատարենք ՏԻՄ օրենքում և «Տեղական ինքնակառավարումը Երևանում» օրենքներում»,- ասաց նա:
Նախագծով առաջարկվում է ՏԻՄ օրենքի 64-րդ հոդվածի մասին 3-րդ մասում «ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ» բառերը փոխարինել «ներկա է ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին բառերով», 4-րդ մասից հանել «բայց ոչ պակաս քան ավագանու անդամների ընդհանուր թիվի մեկ քառորդ» բառերը։
Դավիթ Լոքյանը նշեց, որ փոփոխություն է առաջարկվում նաև Երևանի մասին տեղական ինքնակառավարման մասին օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներում, որպեսզի դրանք համապատասխանեն ՍԴ որոշմանը։
«Առաջարկվում է օրենքը անհետաձգելի համարել, ուղարկել ԱԺ և նոր Սահմանադրությանը համապատասխան այն ընդունել, քանի որ ՍԴ նշանակած ժամկետը մարտին ավարտվում է»,- ասաց նախարարը։
Հիշեցնենք, որ Վանաձորի ավագանու նիստերի սահմանադրականության վերաբերյալ Սահմանադրական դատարանը սահմանադրությանը հակասող էր համարել ՏԻՄ մասին օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասը և մինչև 2018 թվականի մարտի 31-ը ժամանակ էր տվել՝ համապատասխան դրույթը Սահմանադրությանը համապատասխանեցնելու համար: