Թուրքիայի էկոնոմիկայի նախարարը կոչ է արել զերծ մնալ կրիպտոարժույթների կիրառումից
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչին կոչ է արել քաղաքացիներին զերծ մնալ կրիպտոարժույթների կիրառումից, քանի որ դրանք մի շարք ռիսկեր են պարունակում: Այս մասին գրում է թուրքական «Միլլիյեթ» պարբերականը:
«Կան մի շարք պատճառներ, որոնց համար չարժե օգտագործել այդ արժույթները: Դրանցից մեկն էլ այն է, որ թվային արժույթով ստեղծված հաշիվները որևէ կերպ ապահովագրված չեն, վստահելի չեն, բացի այդ՝ չունեն տնտեսական հիմք, ինչն էլ դրանց կիրառման հարցում մի շարք ռիսկեր է ստեղծում», - ասել է թուրք նախարարը:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Թուրքիայի Անթալիա քաղաքում 22-ամյա երիտասարդ Շյուքրյու Մերթ Էրսոյը սպանվել է 5 անհայտ անձանց կողմից, որոնք ցանկացել են տիրանալ նրա «բիթքոինային» հաշիվներին։
Հայտնի է, որ մարդասպաններին, այնուամենայնիվ, չի հաջողվել հասնել տղայի հաշիվներին, քանի որ նրանք չեն կարողացել կոտրել նրա բջջային հեռախոսի անվտանգության համակարգը: