Հասկանալի չէր` եզդիների ցեղասպանությունը դատապարտելու վերաբերյալ ԲՀԿ ներկայացրած բանաձևն ինչու չընդունվեց նախորդ գումարման ԱԺ–ում. Ն. Զոհրաբյան
«Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» նախագիծը Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելուց և դրական եզրակացություն ստանալուց հետո քննարկման ներկայացվեց նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում, որպես երկրորդ գլխադասային հանձնաժողով:
Հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց, որ նախորդ խորհրդարանում ԲՀԿ-ն նախաձեռնել էր նմանատիպ հայտարարություն: «Բացարձակ հասկանալի չէր, թե ինչու նախորդ գումարման ԱԺ-ում դատապարտող հայտարարությունը թևածեց քառօրյայից քառօրյա, և այդպես էլ չընդունվեց, թեև ավելի խիստ ու անհրաժեշտ շեշտադրումներ ուներ: Եթե խորհրդարանական մեծամասնությունը կարծում է` ոլորտը իրենց մենաշնորհն է, մենք խնդիր չունենք»,-ասաց նա:
Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ, քանի որ հայտարարությունն առնչվում է ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի համապատասխան բանաձևերին, այս հայտարարության տեքստը քննարկվում է նաև Եվրաինտեգրման հանձնաժողովում, որը ևս գլխադասային հանձնաժողով է:
Հիմնական զեկուցող, ՀՀԿ–ն ներկայացնող եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը նշեց, թե ըստ էության ներկայացվածը պատմական փաստաթուղթ է իրենց ժողովրդի համար, որը կարևորվել է և ողջունվել նաև նախորդ նախագիծը շրջանառության մեջ դրվելով: «Սա պետության վերաբերմունքն է և ցեղասպանություն տեսած ժողովուրդը չէր կարող շրջանցել ոճրագործությունը, որը ցեղասպանության եզրույթի մեջ է տեղավորվում»,-ասաց Մախմուդյանը:
Հանձնաժողովի անդամ Սամվել Ֆարմանյանը «Ծառուկյան» խմբակցությանը խորհուրդ տվեց խնդրի մասին խոսելով ամբողջությամբ հղում անել և հիշեցրեց, որ նույնաբովանդակ նախագիծ ևս քննարկվել է նախորդ գումարման Աժ-ում, և «Ժառանգության» պատգամավորական ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը ևս ներկայացրել է նախագիծը, որը այդ պահին, այդ ձևով չէր կարող ընդունվել, քանի որ պատմագիտական փաստերի խառնաշփոթ էր և որևէ երկրի խորհրդարանին պատիվ չէր լինի այդ տեսքով ընդունել:
Ըստ Ֆարմանյանի՝ Հայաստանի հանրապետությունը պատմագիտության, բարոյական և քաղաքական պարտավորություն ունի ակտիվ պայքարի հիմքերից հանդես գալ՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ և նշեց, որ հավասարակշռված տեքստ է և պետք է ՀՀ-ն իր վերաբերմունքը արտահայտի:
Հանձնաժողովը ևս միաձայն էր՝ նախագիծը ԱԺ լիագումար նիստում ընդգրկել: