Կուզեի, որ ամեն նախարար պաշտոնը ստանձնելուց հետո կնքահայրության նման մի բան իրականացներ. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
Հասարակության որոշ մաս կա, որ այն, ինչ տեղի է ունենում եկեղեցում, քննադատում են այն աստիճան, որ աբսուրդի հասավ Վիգեն Սարգսյանի կնքահայրության քննադատության պարագան: Այս մասին Կոմիտաս վարդապետ Հովնանյանն ասել է «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում՝ անդրադառնալով սուրբծննդյան ջրօրհնեքի արարողությանը որոշ պաշտոնյաների, այդ թվում՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի խաչքավոր լինելու փաստին:
«Մարդիկ քննադատում են` մեղադրելով, որ դա հակասահմանադրական է, քանի որ Սահմանադրության մեջ եկեղեցին և պետությունն անջատ են: Մենք մոռանում ենք մի բան, որ եկեղեցին իր գաղափարախոսությամբ է անջատ պետությունից, այսինքն՝ պետությունն ինքը եկեղեցական օրենքներով շարժվող կառույց չէ: Բայց Ամերիկայում, երբ նախագահ է ընտրվում, երդման արարողության ժամանակ ինչի՞ վրա է ձեռքը դնում: Աստվածաշնչի: Արդյո՞ք սա հակասահմանադրական է: Հայաստանում նախագահը երդում տալիս ինչի՞ վրա է ձեռքը դնում: Աստվածաշնչի: Արդյո՞ք սա հակասահմանադրական է, եթե ոչ՝ ի՞նչն է հակասահմանադրական, որ Վիգեն Սարգսյան քաղաքացին, ոչ քաղաքական գործիչը, որն իր էությամբ քրիստոնյա է, իրականացնում է այս ծիասկարգը»,-հարցադրում է արել վարդապետը:
Նա նշել է, որ ինքը կուզեր, որ ամեն նախարար պաշտոնը ստանձնելուց հետո կնքահայրության նման մի բան իրականացնի:
«Դա նրան մտածել կտա, որ ինքը քրիստոնեական, բարոյական արժեքների կրող է, որի հիմքը սիրո գաղափարն է, որի հիմքերից մեկը չգողանալու գաղափարն է, որի հիմքերից մեկը հավատարիմ մնալու հայրենիքիդ և ծնողներիդ, քո բոլոր ազգականներին գաղափարն է»,-ասել է նա։
Անդրադառնալով այն հարցին, թե ո՞րն է այդ քննադատությունների տրամաբանությունը՝ Կոմիտաս վարդապետն ասել է, որ մարդիկ տրամադրված են ամեն ինչում միայն վատը տեսնել, միայն քննադատել: Այն մարդիկ են քննադատում, որ եկեղեցու ցանկացած երևույթ ուզում են դատապարտել՝ նվաստացնելու համար Հայ Առաքելական եկեղեցին:
«Ես չեմ ուզում զորավոր բառեր օգտագործել որևէ մեկին վիրավորելու համար, բայց կան մարդիկ, որ իրենց կամքն ու մտածումն են շարադրում, և կան մարդիկ, որ թելադրում են այն, ինչ որ իրենց է թելադրված: Որևէ անձ, որը մկրտված է Հայ Առաքելական եկեղեցում, անդամ է Հայ Առաքելական եկեղեցու, կարող է կնքահայր լինել, խաչի քավոր լինել, որովհետև խաչի քավոր լինել չի նշանակում սուրբ հայտարարվել: Քրիստոսն ի՞նչ էր ասում, առաջին քարը դիմացինի վրա թող նետի նա, ով մեղք չունի: Մենք հնարավորություն ենք տալիս այսպես ամեն մի անձի անդրադառնալու, ես այսօր քավոր եմ, որքանով եմ իմ էությամբ արժանի դրան»,-մեկնաբանել է Կոմիտաս վարդապետը:
Վարդապետի ձևակերպմամբ՝ ամենակարևոր խնդիրը քրիստոնեական կյանքում անդրադարձի և զղջման գաղափարն է: Պարագաներ կան, որ մեղավորները մեկ ակնթարթում դարձի են գալիս: