«Ծառուկյան» խմբակցությունը ՀՀԿ-ին առաջարկում է նորը ներկայացնելու փոխարեն հղում կատարել եզդիների ցեղասպանությունը դատապարտող իրենց նախագծին
«Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ ցեղասպան գործողությունների դատապարտման մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանն իր վրդովմունքը հայտնեց, թե ինչու է նոր հայտարարության նախագիծ դրվում շրջանառության մեջ, երբ նման նախագիծ ԲՀԿ-ն ժամանակին ներկայացել էր:
«ԱԺ 5-րդ գումարման ժամանակահատվածում «Ծառուկյան դաշինքի» ներկայացուցիչները՝ Նաիրա Զոհրաբյանը, նաև Թևան Պողոսյանը համապատասխան հայտարարությամբ են հանդես եկել Իրաքի եզդիների նկատմամբ իրականացված ցեղասպան գործողություները դատապարտելու նախագծով, որը ԱԺ Արտաքին հանձնաժողովում քննարկվել է և ստացել դրական եզրակացություն, ընդգրկվել լիագումար նսիտերի օրակարգում և մինչ օր քվեարկության չի դրվում:
«Ըստ էության՝ տեսնում ենք բովանդակության առումով նույն գաղափարի մասին է, և ճիշտ կլիներ հղում կատարել այն հայտարարությանը, որը 16թ-ին ընդունվել է»,-ասաց Էնֆիաջյանը:
Նա թեև կարևորեց ՀՀԿ խմբակցության եզդի պատգամավոր Ռուստամ Մախմուդյանի այս նախաձեռնությունը, բայց շեշտեց, թե պետք է «ոչ թե կարևոր լիներ, թե որ քաղաքական ուժի նախաձեռնություն է, այլ երևույթին քաղաքական գնահատական տալը»:
Մախմուդյանը նշեց, թե շնորհակալ է, որ «Ծառուկյան» դաշինքը միանում է ու պաշտպանելու շրջանառության մեջ դրված գաղափարին:
«Բայց եթե նկատեցիք, ես որևէ կերպ չանդրադարձան, որ սա ՀՀԿ խմբակցությանն է։ Այս պահին խոսում ենք հայ ժողովրդի վերաբերմունքի մասին այս երևույթի նկատմամբ»,-ասաց նա և նշեց, թե նախագիծը շրջանառության մեջ դնելով՝ իրենք հայտարարել են, որ բաց են և որից հետո ՀՅԴ-ն ևս միացել է:
Բացի այդ, ըստ նրա, բովանդակային տարբերություններ կան՝ սկսած վերնագրից և միջազգային իրավունքի սկզբունքներից:
«Ինձ համար՝ որպես համայնքը ներկայացնող անձի, հարմար չէր լինի, որ ՀՀ անվտանգության, ազգային շահերի անտեսմամբ ընդունվեր այս փաստաթուղթը, ուզում էինք, որ փաստաթուղթը լինի անխոցելի և արտահայտի այն ամենն ինչ կա»,-ասաց նա:
Ռուստամ Մախմուդյանը նաև տեղեկացրեց, որ նախկին գումարման ԱԺ-ում հայտարարությունը չի ընդունվել։
«Ես նոր գումարման ԱԺ-ում որոշել եմ նախաձեռնել ու դնել շրջանառության մեջ: Եթե դուք դիցուք 2 ամիս առաջ դրած լինեիք շրջանառության մեջ, միգուցե ես միանայի ձեզ և այս նախագիծը օրակարգային չդարձնեի, բայց քանի որ սա կա, կառաջարկեի միանալ իմ նախագծին տանել լիագումար նիստ»,-ասաց նա:
Նախագիծը դրվեց քվեարկության և ստացավ Արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը և ընդգրկվեց լիագումար նիստում: