Միլիոնավոր կարմիր ծովախեցգետիններ «գրոհել» են Սուրբ Ծննդյան կղզին (լուսանկարներ, տեսանյութ)
Հնդկական օվկիանոսում գտնվող ավստրալական Սուրբ Ծննդյան կղզին կրկին հայտնվել է միլիոնավոր կարմիր ծովախեցգետինների «գրոհի» թիրախում։
Ինչպես նշում է The Daily Mail-ը, տարվա մեջ մեկ անգամ սկսվում է նրանց գաղթի շրջանը, երբ նրանք բազմացման համար անտառներից ուղևորվում են ծով, իսկ հետո նույն ճանապարհով վերադառնում: Արդյունքում կղզով մեկ տարածվում են կարմիր ծովախեցգետիններ, որոնց չվնասելու համար տեղի իշխանությունները կառուցել են հատուկ կամուրջներ ու թունելներ:
Գաղթի ժամանակ ծովախեցգետիններին չվնասելու համար կղզում փակվում են լողափերն ու ճանապարհները:
Աղբյուրը նկատում է, որ ծովախեցգետինների թիվն այնքան մեծ է, որ մեծ կարմիր «լաքաները» երևում են երկնքից:
Ամենամյա գաղթը սկսվում է հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ նրանք լքում են ջունգլիներն ու ուղևորվում դեպի օվկիանոս: Զուգավորումից հետո արուները վերադառնում են անտառ, իսկ էգերը մնում են ձվադրելու համար: Դրանից 2-3 շաբաթ անց նրանք ձվերը տանում են օվկիանոս ու վերադառնում ջունգլիներ, մինչդեռ ապագա սերունդները մնում են ջրում: