Վթարի հետևանքով ոստիկանների մահվան մեջ մեղադրվող «Ճվճվ Արոյի» որդին կալանավորվել է
«Ճվճվ Արոյի» որդին ՝ հունվարի 8-ին տեղի ունեցած վթարի մեջ մեղադրվող Սարգիս Վարդանյանը կալանավորվել է:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը. «Դատարանը բավարարել է քննիչ միջնորդությունը, և Սարգիս Վարդանյանը կալանավորվել է»:
Երևանում հունվարի 8-ին տեղի ունեցած վթարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «ԲՄՎX6» մակնիշի վարորդ Ս. Վարդանյանին։
Նախնական քննության տվյալներով՝ հունվարի 8-ին՝ ժամը 04:40-ի սահմաններում, Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկում բախվել են «ԲՄՎX6» մակնիշի, 35 NT 388 հաշվառման համարանիշի և «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները, որից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել գովազդային վահանակին: Ավտովթարի հետևանքով «Տոյոտա» մակնիշի, 243 II 02 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի վարորդ՝ ՃՈ 1-ին գումարտակի 6-րդ դասակի տեսուչ, ոստիկանության ավագ լեյտենանտ Ա. Դավթյանը և ուղևոր՝ ոստիկանության լեյտենանտ Խ. Գասպարյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել են։
Ավտովթարից հետո «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:
Քրեական գործով ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ «ԲՄՎX6» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս.Վարդանյանին այսօր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով և 244-րդ հոդվածով՝ 2 մարդու մահ առաջացրած ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելու համար։