Ասանժն Էկվադորի քաղաքացիություն է ստացել. El Universo
WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն Էկվադորի Հանրապետության քաղաքացիություն է ստացել: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ վկայակոչելով հարավամերիկյան El Universo պարբերականին:
ԶԼՄ-ների պնդմամբ՝ 2017 թվականի դեկտեմբերի 21-ին Ասանժի անունով պատրաստվել է փաստաթուղթ, որը հաստատում է Էկվադորի քաղաքացիությունը՝ Պիչինչա շրջանի կոդով: Երկրի հարկային ծառայության կայքում հաստատվում է, որ այդ անձնագիրը պատկանում է WikiLeaks-ի հիմնադրի տվյալներն ամբողջությամբ կրկնող անուն-ազգանունով մարդու:
Էկվադորի արտգործնախարարությունում նշել են, որ գերատեսչությունը չի պատասխանի լուրերին կամ այդ գործի վերաբերյալ խեղաթյուրված փաստերին:
Ինքը՝ Ասանժը, նույնպես մեկնաբանություն չի արել, բայց Twitter-ի իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ նա կանգնած է Էկվադորի դրոշի գույներով սվիտերով:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Շվեդիայի դատախազությունը դադարեցրել է 2010 թվականին բռնաբարության համար կասկածվող Ասանժի գործի քննությունը: Լոնդոնի ոստիկանությունը հայտարարություն է հրապարակել, որում նախազգուշացրել է, որ եթե Ասանժը դուրս գա Լոնդոնում Էկվադորի դեսպանատան շենքից, նրան միևնույն է՝ կձերբակալեն: Լոնդոնում ձերբակալության համար առիթ կդառնա մինչ այժմ գործող օրդերը, որը դատարանը տրամադրել է, երբ Ասանժը 2012 թվականի հունիսի 29-ին հրաժարվել է հանձնվել դատարանին:
Ասանժը 2012 թվականից գտնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը՝ փորձելով խուսափել արտահանձնումից: Նա մտավախություն ունի, որ նրան կարող են արտահանձնել ԱՄՆ-ին, որտեղ նա հետապնդվում է ամերիկյան հարյուր հազարավոր գաղտնի ռազմական և դիվանագիտական փաստաթղթերի արտահոսքի համար: