Հալեպի ամբողջական վերակառուցման ծրագիրը կմեկնարկի ապրիլի 1-ից. «Գանձասար»
Հալեպի վերականգնման պետական ծրագիրը պաշտոնապես կմեկնարկի այս տարվա ապրիլի 1-ից, այս մասին տեղեկացնում է Հալեպի հայկական պարբերականներից «Գանձասար»-ը:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Հալեպի նահանգապետարանում վարչապետ Իմադ Խամիսի գլխավորությամբ աշխատանքային հատուկ նիստի ընթացքում քննարկվել են Հալեպ քաղաքի վերակառուցման, ենթակառուցվածքների և հաստատությունների գործունեության վերակազմակերպման, զբոսաշրջության և տնտեսության առաջնահերթությունների հետ կապված մի շարք առանցքային հարցեր:
Հալեպի վերակառուցման ծրագիրը, որի իրականացման համար կհատկացվի հատուկ բյուջե, սկիզբ կառնի ապրիլի 1-ից, աշխատանքներն իրականացնելու համար կստեղծվի հատուկ հանձնաժողով:
Հիշեցնենք, որ 2016 թվականի դեկտեմբերի 12-ին Սիրիայի պետական պաշտոնական աղբյուրները հայտարարեցին Հալեպ քաղաքի ամբողջական ազատագրման մասին։