Մոլորակի վրա ջրին նվիրված այնպիսի կառույց, ինչպիսին մեր աղբյուր-հուշարձաններն են, չկա, սա մշակույթի մոնոպոլ տեսակ է. արդյո՞ք շեշտադրում ենք դա. Ս. Կարապետյան
Մեր զբոսավարները և զբոսաշրջային կառույցները երթուղիներ կազմելիս առաջնորդվում են վանքից վանք, եկեղեցուց եկեղեցի սկզբունքով: Այս մասին հուշարձանագետ Սամվել Կարապետյանն ասել է «Շանթ» հեռուստաընկերության եթերում:
«Ճարտարապետին, անշուշտ, հետաքրքիր է, հարյուր եկեղեցի ու վանք էլ տեսնի հետաքրքիր է, ամեն մի հանգույց, հարդարանքի ամեն մի տարր, բայց Հայաստան եկող բոլոր զբոսաշրջիկները չէ, որ ճարտարապետներ են: Հուշարձանատեսակների առումով այս միօրինակությունը տաղտկալի վիճակ է ստեղծում և հոգնեցնում է մարդկանց»,-հայտնել է հուշարձանագետը:
«Բոլորովին վերջերս մեր գրասենյակ էին եկել մի խումբ բրիտանացիներ հայ զբոսավարի առաջնորդությամբ և զբոսավարը պատմեց, որ մի քանի օր է, ինչ նրանց ուղեկցում է, մի տեղ են հասավ, այդ բրիտանացիներից մեկը մի քիչ վրդովված ասել է՝ լսեք, դուք ուրիշ բան չունե՞ք ցույց տալու, միայն վանք, եկեղեցի, վանք, եկեղեցի: Մենք ահագին բան ունենք ցույց տալու, իսկապես շատ պատմական հուշարձաններ ունենք, հրաշալի բերդեր ունենք, չտեսնված միջնադարյան կամուրջներ, մենք ունենք հուշարձանատեսակ, որ աշխարհում ոչ մի ուրիշ ազգ չունի, խոսքը խաչքարին չի վերաբերում, աղբյուրի մասին է խոսքը»,-ասել է Սամվել Կարապետյանը:
Նրա ձևակերպմամբ՝ մոլորակի վրա ջրին նվիրված ճարտարապետական այնպիսի կառույց, ինչպիսին մեր աղբյուր հուշարձաններն են, չկա, միայն հայերն ունեն, սա մոնոպոլ մշակույթի տեսակ է: «Ո՛չ իտալացիները, ո՛չ ֆրանսիացիները, ոչ բրիտանացիները չունեն: Զարմանահրաշ մշակույթ է: Արդյո՞ք շեշտադրում ենք անում և մեր հյուրերին ցույց ենք տալիս նյութական մշակույթի այդ հուշարձանատեսակը, որ ոչ մի տեղ չկա, բայց չէ, մենք նեղ աշխարհընկալում ունենք, որ եթե պատմական հուշարձան, ապա վանք ու եկեղեցի, այս մոտեցումը մի քիչ սազական է հոգևորականներին: Չգիտեմ ինչու, աշխարհիկ մարդիկ, զբոսավարներից ոչ ոք հոգևորական չէ, նորից նույն ճանապարհով է առաջ գնում»:
Հուշարձանագետի ձևակերպմամբ՝ ունենք բնական հուշարձաններ, շատ գեղեցիկ լեռներ, հրաբխային ծագման Աժդահակ լեռը, գագաթին՝ խառնարանում՝ լիճ, Արագածը, իհարկե, սրանք նաև քայլարշավի հետ կապ ունեն, բայց նաև ավելի մատչելի բնության հուշարձաններ, ջրվեժներ ունենք, Սատանի կամուրջ և այլն:
Անդրադառնալով այն հարցին, թե ինչու են հայերը նախընտրում հանգստանալ Վրաստանում նաև ձմռանը, Սամվել Կարապետյանը պատասխանել է, որ սա միայն պատկան մարմինների, զբոսաշրջային ընկերությունների գործունեության արդյունքը չէ, ավելի լայն խնդիր է, հասարակության պատկերացումների հետ կապ ունի: «Տարիներ շարունակ Վրաստանում ավելի համեստ հասարակություն եմ տեսել, մեկ օրում հարստանալու նպատակ չունեցող, փոքր քայլերով առաջ գնացող և դրան վարժված: Այդպես են ոչ միայն երիտասարդները: Շատ տարիներ առաջ այդպիսի կեցվածքով աչքի էին ընկնում նաև ադրբեջանցիները: Հիմա Արևմտյան Հայաստան են գնում մարդիկ և նույն այդ համեստությունը տեսնում են թուրքերի մոտ, մեր հարևանների պարագայում սա ակնառու է»: