Կսահմանվեն հրավառությունների համար թույլատրելի վայրեր և ժամեր, խախտողը կտուգանվի 1 միլիոն դրամի չափով. Տարոն Մարգարյան
ՀՀ Կառավարության այսօրվա հերթական նիստում Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրեց հրավառություն կազմակերպելու կարգի վերաբերյալ որոշման նախագիծը:
Ըստ նախագծի՝ առաջարկվում է առանց թույլտվության հրավառություն իրականացնողին տուգանել 1 միլիոն դրամի չափով: Նույն արարքը մեկ տարվա մեջ երկրորդ անգամ կատարելու դեպքում 2 միլիոն դրամով տուգանել:
Կառավարության նիստից հետո Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջին տասը տարիների ընթացքում մեր քաղաքացիների կողմից շատ բազմաթիվ բողոքներ են ստացել:
«Բոլորս ենք նկատում, որ երեկոյան ժամերին անկախ ժամերից և վայրերից հրավառություններ են տեղի ունենում և վերջին տարիներին օրենքի փաթեթի շուրջ ենք աշխատել՝ ներգրավելով բոլոր շահագրգիռ կազմակերպությունեներին, և հստակ սահմանափակումներ ենք դրել»,- ասաց նա և նշեց, որ հնարավորություն են տալիս տեղական ինքնակառավարման մարմիններին, Երևանի ավագանուն սահմանել հրավառությունների համար թույլատրելի վայրերը, ժամերը և հստակ գոտիավորումը:
«Այս ոլորտը մինչ այսօր ոչ կանոնակարգված է և հստակ պատժամիջոցներ կսահմանվեն, որ այն կազմակերպությանը, որը ոչ սահմանված վայրում հրավառություն իրականացրեց, կտուգանվի մեկ միլիոն դրամ»,- ասաց նա:
Լրագրողների հարցին, որ եթե հարսանյաց սրահում լինի հրավառություն, ով է տուգանվելու՝ հարսն ու փեսա՞ն, թե՞ սրահի տերերը, Տարոն Մարգարյանը պատասխանեց, որ կտուգանվեն սրահի սեփականատերը և հրավառություն իրականացնող կազմակերպությունը, կամ իրականացնող ֆիզիկական անձիք:
Քաղաքապետը նաև նշեց, որ ավագանին բնակելի տարածքներում հրավառություն իրականացնելու թույլտվություն չի տրամադրելու, և այդ ռեստորանները չեն կարողանալու ունենալ այդպիսի ծառայություն: «Այսօր արդեն կառավարությունը հաստատեց նախագիծը, սահմանված կարգով դա Ազգային ժողով կգնա և օրենքն ընդունումից հետո շատ արագ կանոնակարգումը կունենանք»,-ասաց նա: