Նյու Յորքը դատի է տվել 5 խոշորագույն նավթային ընկերությունների՝ կլիմայի փոփոխության համար
ԱՄՆ-ի ամենախոշոր քաղաքը դատի է տվել BP, Chevron, ConocoPhillips, Exxon Mobil և Royal Dutch Shell նավթային ընկերություններին՝ նրանց մեղադրելով այն բանի համար, որ հանդիսանալով խոշորագույն կորպորացիաներ՝ նրանք ազդում են կլիմայի փոփոխության վրա, հայտնում է The Washington Post-ը:
«Քաղաքը նավթային ընկերություններից պահանջում է փոխհատուցել այն «միլիարդավոր դոլարները, որոնք հարկավոր է լինելու ծախսել նյույորքցիներին կլիմայի փոփոխության հետևանքներից պաշտպանելու համար»,- հայտարարել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն:
«Խոսքը վնասը փոխհատուցելու մասին է, որ մենք արդեն կրել ենք, ինչպես նաև վնասը վերացնելու համար անհրաժեշտ փոխհատուցման, որը մենք կրելու ենք դարի ընթացքում»,- ասված է հաղորդագրությունում:
Հայցում նշվում է, որ հինգ ընկերությունները միասին արտադրել են կլիմայի գլոբալ տաքացման համար պատասխանատու գազերի 11 տոկոսը՝ տարիների ընթացքում վաճառված նավթային և գազային ապրանքների միջոցով:
Քաղաքապետարանը, վկայակոչելով «վերջերս բացահայտված փաստաթղթերը», պնդում է, որ ընկերություններն առնվազն 1980-ականներից «տեղեկացված են եղել մթնոլորտի վրա վառելիքի այրվելու ազդեցության և սպասվող կլիմայական փոփոխությունների մասին»: