«Եթե Իրանն ու ՌԴ-ն չաջակցեն Ասադին՝ Իդլիբում մեր դեմ հարձակումներ չեն կարող լինել». Թուրքիայի արտգործնախարար
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ եթե Ռուսաստանն ու Իրանը չազդեն Բաշար ալ Ասադի ռեժիմի վրա Իդլիբում՝ սիրիական հիմնախնդրի շուրջ Սոչիում սպասվելիք բանակցությունները կարող են վտանգի տակ հայտնվել: Այս մասին գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Չավուշօղլուն շեշտել է, որ Իդլիբում իրավիճակը սրող իրադարձությունները տեղի են ունենում Իրանի և Ռուսաստանի անմիջական համաձայնությամբ, և միայն նրանց միջամտության դեպքում հարձակումները կարող են դադարել:
«Ռեժիմի հարձակումների հարցում Ռուսաստանն ու Իրանը չեն կարող որևէ պատճառաբանություն բերել: Եթե նրանք չաջակցեն Ասադին՝ հարձակումներ չեն կարող լինել», - ասել է Չավուշօղլուն:
Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ նման իրավիճակը կարող է տապալել Սոչիի բանակցությունները, քանի որ կդժվարացնի մի շարք ընդդիմադիր խմբավորումների մասնակցությունը բանակցություններին, որոնք առանց այդ էլ երկմտանքի մեջ էին Սոչի մեկնելու հետ կապված:
Հիշեցնենք, որ նախօրեին Անկարայում Ռուսաստանի և Իրանի դեսպանները կանչվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն՝ կապված Սիրիայի հյուսիսում ստեղծված լարված իրավիճակի հետ: Դեսպաններ Ալեքսեյ Երխովի և Մուհամեդ Իբրահիմ Թահերիան Ֆարդի հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի ԱԳՆ ներկայացուցիչը մեղադրել է Սիրիայի կառավարական ուժերին Իդլիբում անվտանգության ռեժիմը խախտելու համար:
Աստանայում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության շրջանակներում Սիրիայում ստեղծված անվտանգության գոտիներն այսօրվա դրությամբ «դե ֆակտո» հրադադարի ռեժիմ են պահպանում 5000 ք/կմ տարածության վրա:
Օրերս Սիրիայի Իդլիբ նահանգի Դարաթ ալ Իզզա շրջանում ականանետային հարձակման է ենթարկվել Թուրքիայի ԶՈՒ-ին պատկանող ռազմական ավտոշարասյունը։