Լեհաստանում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի (լուսանկար)
Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանում ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել առանց առջևի շասսիի, հայտնում է korrespondent.net-ը՝ մանրամասնելով, որ վայրէջքը բարեհաջող է անցել:
«Հունվարի 10-ին Վարշավայի Ֆրեդերիկ Շոպենի անվան օդանավակայանում վթարային վայրէջք է կատարել LOT ավիաընկերության՝ Կրակովից ներքին չվերթ իրականացնող Bombardier Dash Q400 ուղևորատար օդանավը»,-ասվում է այս կապակցությամբ տարածված հաղորդագրությունում:
Պարզվել է, որ վայրէջքի պատրաստվելու ժամանակ օդանավի առջևի շասսին չի բացվել, այնուհանդերձ՝ օդաչուներին հաջողվել է դուրս չգալ թռիչքուղու սահմաններից ու խուսափել անցանկանալի հետևանքներից:
Վայրէջքից հետո սկսվել է փրկարարական գործողությունը, բացի այդ, միառժամանակ դադարեցվել է օդանավակայանի աշխատանքը:
Հայտնի է, որ օդանավում եղել է 59 ուղևոր, ինչպես նաև 4 հոգանոց անձնակազմը: