ԻՊ-ի անդամ 60 կանադացի վերադարձել է հայրենիք. Կանադայի վարչապետ
Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ Կանադայի քաղաքացի հանդիսացող «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 60 անդամ վերադարձել է հայրենիք, այս մասին գրում է ТАСС գործակալությունը:
Կանադայի վարչապետը նշել է, որ 2015 թվականից Մերձավոր Արևելքից Կանադա վերադարձած ԻՊ-ականները գտնվում են հատուկ ծառայությունների խիստ հսկողության տակ:
«Վերադարձած գրոհայինների կամ պոտենցիալ ԻՊ-ականների թիվը մոտ 60 է, և նրանք մշտապես գտնվում են հետախուզական ծառայությունների հսկողության տակ: Մենք պատասխանատվություն ենք կրում կանադացիների անվտանգության համար, և այս հարցում որևէ զիջումների չենք գնա»,- ասել է Տրյուդոն՝ հավաստիացնելով քաղաքացիներին, որ նրանք գտնվում են անվտանգության մեջ:
Ավելի վաղ Կանադայի վարչապետը չէր բացառել, որ իշխանությունները կարող են քննարկել երկիր վերադարձած ԻՊ-ականների՝ կանադական հասարակության մեջ վերաինտեգրման հարցը: Նա նշել էր, որ ծայրահեղական քարոզչության հետևանքով ահաբեկչական խմբավորումների մեջ ներգրավված ու ավելի ուշ այդ գաղափարները մերժած քաղաքացիները կարող են հզոր զենք լինել երիտասարդ սերնդի շրջանում ծայրահեղական քարոզչության ազդեցության կանխարգելման համար: