ՀՀ և Տաջիկստանի քաղաքացիներն առանց վիզաների կարող են մուտք գործել միմյանց երկրներ և 90 օր մնալ. ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համաձայնագրին
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» համաձայնագիրը:
Հիմնական զեկուցող Շավարշ Քոչարյանը նշեց, որ փաստաթուղթն առաջարկում է ՀՀ և Տաջիկստանի քաղաքացիներին առանց վիզաների մուտք գործել միմյանց երկրներ: «Կես տարվա ընթացքում քաղաքացին 90 օր կարող է անընդհատ կամ ընդմիջումներով մնալ երկրում: ԱՊՀ շրջանակներում կա նման համաձայնագիր, բայց կա տենդենց՝ երկկողմանի համաձայնագրերի են գնում երկրները»,-ասաց Քոչարյանը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը նկատեց, թե այսինքն՝ այսպես թե այնպես իրավունք ունեն մուտք գործել փոխադարձ երկրներ, բայց ստացվում է ևս մեկ պայմանագիր պետք է կնքել:
Շավարշ Քոչարյանը նշեց, որ երկկողմ համաձայնագիրը պայմանավորված էր Թուրքմենստանով, որը չէր միացել ԱՊՀ երկրների համաձայնագրին: Այնուհետև Վրաստանի դուրս գալը, այնուհետև Ուկրաինայի հետ հարաբերությունները բերեցին նրան, որ կողմերը երկկողմ համաձայնագրեր կնքեն:
Հարակից զեկուցող Կարեն Բեքարյանը նշեց, թե համաձայնագրով երաշխավորվում են քաղաքացիների փոխադարձ այցերը, որ որևէ խոչընդոտ չլինի, և դա բավարար պատճառ է դրական եզրակացությամբ համաձայնագիրն ուղարկել լիագումար նիստ: Ըստ նրա, ԱՊՀ անդամ երկրներից երկու երկրներ էլ կգնան դրան, և գործընթացն ամբողջական կդառնա:
Հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանն էլ նշեց, որ նախագծով 180 օրվա ընթացքում 90 օրից ոչ ավել այլ երկրի քաղաքացին, այս դեպքում՝ Տաջիկստանի, չի կարող ՀՀ տարածքում մնալ և հակառակը:
«Սա նշանակում է տարվա կտրվածքով 180 օրից ավել չեն կարող միմյանց տարածքներում, ինչո՞ւ է սահմանափակումներ դրվում, որովհետև Սահմանադրությամբ ռեզիդենտության խնդիր է առաջանում: Տարվա կեսը մնալով՝ քաղաքացին դառնում է ռեզիդենտ, և այսպիսի երկկողմ համաձայնագրերը կարգավորում են հարցը»,-ասաց նա:
Համաձայնագիրը դրական եզրակացություն ստացավ և մտավ լիագումար նիստ: