Իսրայելի անվտանգության ուժերը ձերբակալել են 15 պաղեստինցու, այդ թվում՝ ահաբեկչության համար կասկածվողների
Հորդանան գետի արևմտյան ափին խուզարկումների ժամանակ ձերբակալվել է 15 պաղեստինցի։ Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ ՑԱԽԱԼ-ի՝ Իսրայելի պաշտպանության բանակի արաբական լրատվամիջոցների հետ կապերի գծով մամուլի քարտուղար Ավիխայ Ադրաին հղումով։
«Իսրայելի անվտանգության ուժերը գիշերային ժամերին ձերբակալել են 15 պաղեստինցու, որոնցից 11-ը կասկածվում են ահաբեկչական ակտիվությանը մասնակցության համար»,- հայտնել է Ադրաին։
Նա հավելել է, որ ուժայինները խուզարկումներ են անցկացրել Ալ Ֆարաա շրջանում, որտեղից է կիրակի Երուսաղեմում դանակով զինված հարձակում իրականացրած պաղեստինցին, և հարցաքննել նրա հարազատներին։
Կիրակի 24-ամյա պաղեստինցին ծանր վիրավորել էր Երուսաղեմի կենտրոնական ավտոբուսային կայանի անվտանգության աշխատակցին։ Ոստիկանությունն անցորդների օգնությամբ ձերբակալել է հարձակվողին, միջադեպը որակվել է որպես ահաբեկչություն։
Այս հարձակումը տեղի է ունեցել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը հաջորդած բողոքի ցույցերի ֆոնին։