Ոստիկանության գործողություններն իրավաչափ են եղել. ՀՔԾ-ն կարճել է բիլիարդանոցում պատանդառուին վնասազերծելու փաստով հարուցված քրգործը
Օգոստոսի 29-ին «Վիքենդ» կոչվող բիլիարդանոցում երիտասարդ աղջկան պատանդ վերցնելու ժամանակ անձին վնասազերծելու ընթացքում ոստիկանների գործողություններն իրավաչափ են եղել:
Այդ մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը:
«Ոստիկանության կատարած գործողություններն իրավաչափ են եղել և հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է:
«Որոշում է կայացվել քրեական հետապնդում չիրականացնել անձին վնասազերծող ոստիկանների նկատմամբ՝ ոստիկանների արաքը իրավաչափ լինելու հիմքով: Գործով վարույթը կարճվել է»,- ասաց Օհանջանյանը:
Նա հայտնեց, որ վարույթը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով՝ քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե վնաս պատճառած արարքը քրեական օրենքով համարվում է իրավաչափ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Երևանի Ռոստովյան 15/6 հասցեում գտնվող «Վիքենդ» կոչվող չգործող բիլիարդի խաղասրահում, Գոռ Հակոբյանը որպես զենք օգտագործվող դանակի գործադրմամբ պատանդ է վերցրել Երևան քաղաքի բնակչուհի Մ.Թ.-ին: Խաղասրահի մոտ հավաքված բազմաթիվ քաղաքացիների և ոստիկանության աշխատակիցների ներկայությամբ Գ. Հակոբյանը, Մ. Թ.-ի կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով, պահանջել է ներս հրավիրել 5 քաղաքացիների և փաստաբանի` հակառակ դեպքում սպառնալով սպանել պատանդին։ Գ. Հակոբյանը չի ենթարկվել պատանդին ազատ արձակելու վերաբերյալ ոստիկանության աշխատակիցների պահանջներին:
Ապարդյուն բանակցություններից հետո` կնոջ կյանքին սպառնացող վտանգը կանխելու նպատակով, Գ. Հակոբյանը վնասազերծվել է ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից և մահացել ստացած հրազենային վնասվածքից։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Սակայն հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել, որ պատանդառուի վնասազերծումը կատարվել է անհրաժեշտ միջոցների սահմանազանցմամբ, ուստի ոստիկանության աշխատակիցների կողմից կատարված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի նույն քննչական բաժնում հարուցվել էր նոր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 107-րդ հոդվածի հատկանիշներով: