Էդգար Ստեփանյան․ Երբ կանգնում եմ մեկնարկի, մտածում եմ միայն մեդալ նվաճելու մասին
Հայաստանի առաջատար հեծանվորդ Էդգար Ստեփանյանը հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնության չեմպիոնի տիտղոսը նվաճելուց հետո հաջողությամբ մասնակցեց Օմսկի և Աստանայի վարկանիշային մրցաշարերին։
«Armsport.am»-ի հետ զրույցում Էդգարը պատմել է վերջին մրցաշարերից ստացած տպավորությունների մասին․
«Ամեն ինչ շատ լավ էր կազմակերպված և՛ Օմսկում, և՛ Աստանայում։ Մասնակցում էին եվրոպական և Ռուսաստանի շրջանների թիմեր։ Մրցումերը շատ կարևոր էին ինձ համար, քանի որ վարկանիշային էին և միավորներ էին տալիս Աշխարհի գավաթի, Աշխարհի առաջնության և 2019 թվականի Եվրոպական խաղերի համար։ Շատ ուրախ եմ, որ կարողացա 2 ոսկե և 2 արծաթե մեդալ նվաճել։
Սկրեչի համար ինձ միավորներ էին հարկավոր․ առաջին տեղի համար տրվում է 100 միավոր։ Ե՛վ Օմսկում, և՛ Աստանայում հաղթեցի սկրեչ մրցաձևում և հնարավոր 200 միավորից 200-ն էլ վաստակեցի։ Վարկանիշային աղյուսակում 24-րդ տեղից տեղափոխվեցի 12-րդ, որը հնարավորության է տալիս մասնակցելու Աշխարհի գավաթին։ Աշխարհի գավաթին մասնակցում է 24 մարզիկ»։
Եվրոպայի չեմպիոնը հոկտեմբերի 19-21-ը Փարիզում մեկնարկելիք Աշխարհի գավաթին նախապատրաստվելու է Հայաստանում․
«Աշխարհի գավաթին նախապատրաստվելու եմ Հայաստանում մարզչիս` Արմեն Գյոզալյանի գլխավորությամբ։ Ուսումնամարզական հավաք եմ անցկացնելու Օլիմպավանում»։
Անընդմեջ հաղթանակներից հետո մարզիկից սպասելիքները մեծանում են, սակայն այդ հանգամանքը չի խանգարում Էդգարին․
«Երբ մրցման եմ մեկնում, բոլորը մեդալ են սպասում։ Առաջին հերթին ինքս ինձանից եմ լավ մասնակցություն սպասում։ Այդ փաստն ինձ չի ճնշում, քանի որ ավելորդ լարվածությունը միայն կխանգարի։ Գիտակցում եմ, որ հնարավոր է՝ մեդալ չնվաճեմ, քանի որ սպորտ է, և միշտ չես կարող հաղթել կամ մեդալակիր դառնալ։ Պարզապես երբ կանգնում եմ մեկնարկի, մտածում եմ միայն մեդալ նվաճելու մասին, և այդ միտքն օգնում է ինձ»։