Մանվել Գրիգորյանը չէր կարող զինվորի բաժինը գողանալ, իսկ մեքենաներն օգտագործվել են ապրիլյան պատերազմի ժամանակ. պաշտպան
Մանվել Գրիգորյանը չէր կարող զինվորի բաժինը գողանալ, նախաքննությունը կտա բոլոր հարցերի պատասխանները: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից Արսեն Մկրտչյանը:
Արայիկ Ավլանդյանն էլ ասաց, որ նախ պետք է պարզել հայտնաբերված ապրանքի շարժը, թե արդյո՞ք այն հասցվել է Արցախ, հետո հետ է բերվել, թե՞ հասցվել Արցախ, բացի այդ, պաշտպանը կոչ արեց չմոռանալ Մանվել Գրիգորյանի անցած ուղին. «Չմոռանանք նաև Մանվել Գրիգորյանի մատուցած ծառայությունը, բոլոր փաստերը պետք է ներկայացվեն վարույթ իրականացնող մարմնին»:
Փաստաբան Արսեն Մկրտչյանն էլ ասաց, որ ԱԱԾ-ի բացահայտումների տեսանյութում հուզական մաս կա. «Այն որ ասում են՝ զինվորի փայը գողացվել է, սա ուղղակիորեն չի կարող վերաբերել մեր վստահորդին, ես չեմ տեսել, որ զինվորի փայը տեղ չհասնի: Մենք մի քիչ էլ խախտում ենք անմեղության կանխավարկածը: Հուզական տեսաերիզներ կան, որ երրորդ դասարանցու նամակը տեղ չհասավ և այլն: Պատկերավոր ասեմ, որ օրինակ վարչապետին կամ նախարարին կամ մի խոշոր ձեռնարկատիրոջ մեղադրեն նրանում, որ պահակը մի արկղ տեղ չի հասցրել կամ լավ չի պահեստավորել: Սրանք հուզական տեսակետի արդյունք են»:
Ինչ վերաբերում է հայտնաբերված մեքենաներին ու զենքին, Արսեն Մկրտչյանն ասաց, որ այդ մեքենաներն էլ օգտագործվել են ապրիլյան պատերազմի ժամանակ, դա ապացուցելու համար բավարար տեսաձայնագրություններ կան: Ինչ վերաբերում է զենք-զինամթերքին, պաշտպանները նշեցին, որ իրականացվում է փորձաքննություն:
Անդրադառնալով այն հարցին, որ Ազգային ժողովում քվեարկվելու է Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը, փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ այն նույն պատգամավորները, ովքեր անձնական երաշխավորություն են ներկայացրել նույն հոդվածով մեղադրվողների համար, որպեսզի նրանք ազատ արձակվեն կալանքից, այսօր քվեարկում են նույն արարքը կատարելու մեջ կասկածվող Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն կողմ: Հարցին, թե ում նկատի ունի՞, Սեֆիլյանի՞ն, Մկրտչյանն ասաց. «Օրինակ, նաև Սեֆիլյանին, Սամվել Բաբայանին»:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքներում ԱԱԾ բացահայտումներից հետո դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք: Մանվել Գրիգորյանը բերման էր ենթարկվել և ձերբակալվել։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը: Եթե Ազգային ժողովը կողմ քվեարկի Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելուն, ապա նրան մեղադրանք կառաջադրվի: