Վարչապետի՝ հեռուստաընկերությունների մասին գրառումը չի վերաբերում իշխանություններին ուղղված քննադատությանը. Արման Եղոյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հեռուստաընկերությունների մասին գրառման մեջ խոսքն այն մասին չէ, որ իշխանություններին չեն կարող քննադատել:
Այս մասին Tert.am-ին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ նկատի ուներ և որ հեռուստաընկերությանը նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ՝ հայտարարելով, որ որոշ հեռուստաընկերություններ, օգտվելով խոսքի ազատության անսահմանափակ հնարավորությունից, որոշել են հակապետական քարոզչություն իրականացնել:
«Սա թերևս այն դեպքերից է, երբ իշխանության բարեկրթությունը ոմանք կրկին ու կրկին շփոթում են թուլության կամ միամտության հետ։ Մի՛ արեք։ Պարզապես մի՛ արեք»,- գրել էր վարչապետը:
«Հասցեատերերի վերաբերյալ վարչապետի գրառմանն ավելացնելու ոչինչ չունեմ, սակայն կարող եմ ասել, որ խոսքն իշխանություններին քննադատության մասին չէ»,-ասաց Փաշինյանի մամուլի խոսնակը:
Նշենք, որ սոցցանցերում օգտատերերն արդեն գտել են «հասցեատիրոջը»՝ «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի ժամը» հաղորդման մեկնաբան Գեղամ Մանուկյանին:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ խոսքը Գեղամ Մանուկյանի մասին է, Արման Եղոյանը կրկնեց. «Ես չեմ կարող անուններ տալ, բայց այն հեռուստաընկերությունները կամ լրագրողները, որոնք իրենց չեն տեսնում որպես այս գրառման հասցեատեր, նրանք անհանգստանալու որևէ պատճառ չունեն: Ասեմ, որ խոսքը շատ կոնկրետ իրավիճակի մասին է»:
Նշենք, որ սույն հաղորդման մեջ, մեկնաբանը նշում է՝ «...Վաղարշապատում հեղափոխական հռետորաբանություն, սիմվոլիկա, և արմատներում՝ քրեական աշխարհ», ապա ավելացնում՝ «...ու ամենակարևորը՝ շաբաթ օրը դիմակներ հագած, կարմիր բերետներ դրած, վճռական հայացքներ ընդունած Ազգային անվտանգության ու ոստիկանության ծառայողները հինգշաբթի ո՞ւր էին, չկային», «...ոստիկանները չտեսա՞ն արդյոք այդ օրը զինված թիկնապահներին»: Ապա եզրակացություն է հնչում՝ «Հայաստանի իրավապահ համակարգը շարունակում է նույն ընթացքը՝ թե շեֆն ինչ կասի»:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ առաջիկայում հեռուստաընկերությունների վերալիցենզավորում, նոր մրցույթներ անցկացնելու մասին որոշում լինի՝ ոչ թե Փաշինյանի նոր գրառման, այլ ընդհանուր հեղափոխության համատեքստում, վարչապետի մամուլի խոսնակը պատասխանեց. «Նման խնդիր ընդհանրապես չկա, ում որ դա վերաբերում էր, ինքը կամ իրենք դա հասկացել են: Ում որ չի վերաբերում՝ անհանգստանալու կարիք չունի, ում որ վերաբերում է՝ նույնպես»: