2016-2018 թթ-ին բանակի կողմից 190 մլն դրամ արժողության համապատասխան սննդամթերք կամ այլ պարագաներ են տրամադրվել ԵԿՄ-ին. Ա. Դավթյան
Ազգային ժողովում ԵԿՄ նախագահ, պատգամավոր Մանվել Սեկտորի Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե պարզել են արդյոք ոչ միայն դպրոցներից ուղարկված պահածոների, այլև բանակի կողմից տրամադրված պարագաների ինչ քանակ է եղել, ի սկզբանե:
«Ապրիլյան պատերազմից անցել է գրեթե 2,5 տարի, կա՞ տեղեկություն, թե ինչ քանակ է եղել, ի սկզբանե, այսինքն՝ 2,5 տարի արջերն ինչքա՞ն են կերել»,-հարցրեց նա: Դատախազը պատասխանեց, որ այս պահին այն հանցակազմը, որը ԱԺ-ի համաձայնության դեպքում մեղսագրվելու է պատգամավորին, դրա համար անհրաժեշտ էր 3 մլն-ի շեմը գերազանցելը:
«Գործով ձեռք բերված ապացույցները վկայում են, այսինքն՝ խուզարկությամբ ձեռք բերված մի մասը, որը հնարավոր էր այս պահին առանց ապրանքագիտական փորձագիտության պարզել, զուտ բանակի կողմից սահմանված գումարի արժեքի չափը եղել է 7 մլն: Բայց թե 2016-ի ապրիլից հետո որքան է եղել և որքան է յուրացվել, քննության ընթացքում կպարզի»,-ասաց նա:
Իսկ թե զենք- զինամթերքը ինչքան ծավալ ու գումար է կազմում, գլխավոր դատախազը նշեց, որ թվարկեց հայտնաբերված զենքի ծավալը, իսկ մնացած նյութական արժեքները, ըստ կարճ ժամանակում ՊՆ գործընկերների կողմից հրատապ տրված թվերի, 2016 -2018 թթ-ին բանակի կողմից 190 մլն դրամ արժողության համապատասխան սննդամթերք կամ այլ պարագաներ են տրամադրվել ԵԿՄ-ին: