Հայաստանն առաջընթաց է գրանցել փոքրամասնությունների լեզուներով կրթության հասանելիության ոլորտում. Թորբյորն Յագլանդ
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հայտարարել է, որ Հայաստանը բարելավել է փոքրամասնությունների լեզուներով կրթությունը՝ կազմակերպության հետ աշխատանքի արդյունքում՝ Եվրոպայի խորհրդի գործիքների համաձայն:
Ստրասբուրգում հունիսի 18-19-ը կայացել է «Փոքրամասնություններն ու փոքրամասնությունների լեզուները փոփոխվող Եվրոպայում» խորագրով համաժողովը՝ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության կոնվենցիայի և Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի ուժի մետ մտնելու 20-ամյակի կապակցությամբ: Այդ մասին ասված է Եվրոպայի խորհրդի կայքում հրապարակված հաղորդագրությունում:
«Հայաստանը, Լեհաստանը և Մոնտենեգրոն այն երկրների շարքում են, որոնք աշխատել են մեր կազմակերպության հետ՝ բարելավելու փոքրամասնությունների լեզուներով կրթության հասանելիությունը՝ համաձայն մեր իրավական գործիքների: Հայաստանն, օրինակ, հնարավոր է դարձրել ասորերենով, քրդերենով և եզդիերենով կրթություն ստանալն այս փոքրամասնությունների ներկայացուցիչ հանդիսացող մեծ քանակությամբ աշակերտներ ունեցող դպրոցներում»,- ասել է Յագլանդն իր ելույթում:
Եվրոպացի պաշտոնյան նշել է, որ նշված պետությունները դեռ աշխատանք ունեն անելու, բայց նրանք արժեքավոր քայլ են արել՝ երբեմն քաղաքական ճնշումներին և ֆինանսական խոչընդոտներին հակառակ: