«Խոստացիր, որ երբեք ձեռք չես բարձրացնի աղջկաս վրա». Մեգան Մարքլի հայրն ասել է՝ ինչ է խնդրել արքայազն Հարիից
Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի աները՝ Թոմաս Մարքլը, որի բացակայությունը թագավորական պսակադրության ժամանակ բազմաթիվ քննարկումների առիթ էր տվել, ի վերջո խախտել է լռությունն ու առաջին հեռուստատեսային հարցազրույցը տվել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, 73-ամյա Մարքլը խոստովանել է, որ մեծ ցավ է ապրել դստերը դեպի խորան չուղեկցելու համար:
«Իրականում ես լաց էի լինում, երբ բազմոցին նստած հեռուստացույցով դիտում էի ամուսնացող գեղեցկուհի դստերս»,-նշել է Մարքլը, որի խոսքով՝ ինքը բացակայել է սրտի վիրահատության պատճառով:
Տղամարդը մանրամասնել է, որ դեմ առ դեմ չի հանդիպել արիստոկրատ փեսային՝ միայն հեռախոսով է նրա հետ զրուցել: Հայտնի է, որ արքայազն Հարին զանգահարել է նրան ու դստեր ձեռքը խնդրել:
«Դուք ջենթլմեն եք, խոսք տվեք, որ երբեք ձեռք չեք բարձրացնի աղջկաս վրա: Իհարկե, տալիս եմ իմ համաձայնությունը: Այո՛, նա արքայազն է, բայց իմ դուստրն արքայադուստր է ծնված օրվանից»,-ասել է Մարքլը: