Թուրքիայում ազգայնական կուսակցության աջակիցները քարոզարշավի ժամանակ մեկ այլ գրառմամբ «ծածկել» են հայազգի Սևակ Բալըքչըի հիշատակին արված գրությունը
Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Քուրթուլուշ (Թաթավլա-tert.am) թաղամասում նորաստեղծ ընդդիմադիր և ազգայնական «Լավ» կուսակցության աջակիցները քարոզչական գրություն են թողել շենքերից մեկի պատին՝ փակելով 2011 թվականին թուրքական բանակում սպանված հայազգի Սևակ Բալըքչըի հիշատակին արված հայերեն գրառումը։
«Սևա՛կ, քեզ պիտի չմոռնա՛նք» գրության ու Սևակի նկարի անմիջապես վրա արվել է կուսակցության՝ «Դեմքդ արևին դարձրու, Թուրքիա» նախընտրական քարոզչական կարգախոսը։
Այս մասին թվիթերյան իր էջում ահազանգել է թուրք լրագրող և սյունակագիր, CNN Turk-ի խմբագիրներից Սերդար Քորուջուն՝ նշելով նաև «Լավ» կուսակցության էջը։
«Քուրթուլուշում/Թաթավլայում արված այս լուսանկարն ի՞նչ է։ Այո, իսկապես «այդպես էլ չավարտվեց այս սև գիշերը», - գրել է Քորուջուն իր էջում։
Կուսակցության կողմից լրագրողի հարցին դեռևս պաշտոնական պատասխան չի տրվել։
Հիշեցնենք, որ Սևակ Բալըքչըն ծնվել է 1986թ.-ի ապրիլի 1-ին՝ ստամբուլահայերի ընտանիքում: Նա սպանվել է Թուրքիայի Բաթմանի Քոզլուք շրջանում (պատմական Սասունի տարածքի մի մասը) պարտադիր զինվորական ծառայությունն իրականացնելու ընթացքում՝ զորացրվելուց 23 օր առաջ։ Չնայած թուրքական իշխանությունների այն պնդումներին, թե բանակում Սևակ Շահին Բալըքչըի մահը դժբախտ պատահարի հետևանք է, Սևակի ծնողները համոզված են`նրա հետ պատահածն ազգային հողի վրա կատարված սպանություն է: Սևակի վրա կրակել էր ծառայակից, ազգայնական Քըվանչ Աղաօղլուն, իր իսկ պնդմամբ՝ անզգուշության հետևանքով: