Երևանում տեղի ունեցած բախումներից հետո բուժումը շարունակում է 12 քաղաքացի. ԱՆ
Ապրիլի 17-ի, ժամը 9։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում շարունակում է բուժօգնություն ստանալ հանրահավաքի ընթացքում երեկ տուժած 12 քաղաքացի։ Նրանցից մեկը երեկ վիրահատված ոստիկանն է, ում վիճակը գնահատվում է կայուն։
Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Մյուսների վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Նրանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ։ Բոլորն անցել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ, ստանում են համապատասխան բուժում։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից Երևանում հավաքներ և ցույցեր են ընթանում՝ «Իմ քայլը» շարժման նախաձեռնությամբ և ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Ապրիլի 16-ին ցուցարարները շարժվել էին Բաղրամյան պողոտա, որտեղ տեղի էր ունեցել բախում ոստիկանների հետ։ Տուժել էր 40 քաղաքացի և 6 ոստիկան։