Իրանը հակահայկական քաղաքականություն չի որդեգրում, սակայն Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի հետ ընդունած հռչակագիրը մեզ համար շահավետ չէ. փորձագետ
Վերջերս Բաքվում կայացավ Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի ու Վրաստանի ԱԳ նախարարների քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունված հռչակագրում նշվում էր քառակողմ համագործակցությունն ենթակառուցվածքային, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում ընդլայնելու մասին։ Tert.am-ի հետ խոսելով քառակողմ հանդիպման մասին` «Նորավանք» հիմնադրամի Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, ավագ փորձագետ Կարեն Վերանյանն ասաց, որ այդ տանդեմում կոորդինացնողը Թուրքիան է:
-Պարո՛ն Վերանյան, Վրաստան, Ադրբեջան և Թուրքիա եռակողմ հանդիպումներն արդեն հաճախակի են և դա, այսպես ասած, ընդունված ձևաչափ է: Սակայն, վերջերս հռչակագիր ընդունվեց նշված երեք երկրների և Իրանի միջև: Նախ, որքանո՞վ էր սպասելի, որ Իրանը ևս կմիանա նման համագործակցության, և դա ինչի՞ արդյունքն է:
- Իրանը բոլոր ֆորմատներով աշխատում է՝ թե՛ Հարավկովկասյան ուղղությամբ, թե՛ ԵԱՏՄ-ի հետ, թե՛ երկկողմ հարաբերություններում: Ռուսաստանը, Ադրբեջանն ու Իրանը եռակողմ հանդիպում անցկացրին ամիսներ առաջ, դա նույնպես իր առանձին ուղղվածությունն ունի և Իրանը դիվերսիֆիկացրել է իր արտաքին քաղաքական ուղղվածությունը: Այսինքն` Հարավկովկասյան ուղղվածությամբ Իրանի ներգրավվածությունը ձևաչափային առումով հիմնականում այս պահի դրությամբ արտացոլվեց Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ:
Այստեղ կարևորում եմ Թուրքայի մասնակցության փաստը, դա թույլ է տալիս եզրակացնել, որ Թուրքիան, Ադրբեջանի հետ համատեղ, կարողացել է Իրանին ներգրավել այդ ֆորմատում, որտեղ Հարավային Կովկասում քաղաքական, տնտեսական կոմունիկացիոն ուղղությունների զարգացման տեսանկյունից բացահայտ կերպով ուրվագծվում են հակահայկական, Հայաստանի մեկուսացման թուրք-ադրբեջանական տանդեմի տրամաբանության շրջանակներում:
- Իրանի մասնակցությունն ինչի՞ արդյունք է և գուցե այդ ձևաչափին միանալով Իրանն ինչ-որ ակնկալիք ունի Թուրքիայից: Քաղաքական շահը ո՞րն է:
- Միգուցե այստեղ Իրանի մասնակցությունը փոխհատուցվի ինչ-որ քայլերով, որը Թուրքիան խոստացել է Իրանին այս կամ այն հարցի շրջանակներում: Մասնավորապես, դրանք կարող են լինել մերձավորարևելյան զարգացումներում, քրդերի հետ կապված դեպքերով և այլն: Միգուցե Թուրքիայի հետ կապված Իրանը որոշակի հարցեր կարող է իր համար իրավիճակային առումով լուծել Իսրայելի պարագայում, քանի որ Թուրքիան Իսրայելի հետ բավական լարված հարաբերություններ է փորձում պահպանել, իսկ Իրան-Իսրայել հակամարտությունը գնալով ոչ այնքան միջնորդավորված բնույթ է կրում:
- Պարո՛ն Վերանյան, Իրանի մասնակցությամբ այդ քառակողմ հանդիպումը չի՞ խոսում այն մասին, որ Իրանը խախտել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հավասարակշիռ քաղաքականություն վարելու նժարը:
-Պետք չէ միանշանակ ենթադրություն կամ հիմնավորում տալ, որ Իրանը որդեգրում է հակահայկական քաղաքականություն: Դա ընդամենը իրավիճակային գնահատականի կարիք ունի, բայց այն, որ դա մեր համար, մեղմ ասած, շատ ոչ շահավետ վիճակ է, դա հերքել պետք չէ: Իրանը, եթե մինչ այժմ փորձում էր հնարավորինս խուսափել բացահայտ ադրբեջանական ուղղվածություն ունեցող որոշակի դրսևորումներից, կամ բացահայտ Հայաստանի օգտին խոսող որոշակի դրսևորումներից, այս անգամ, գուցե փոխշահավետությամբ պայմանավորված, ինչ-որ հարցերում Թուրքիան է ընդառաջ գնում Իրանին և Իրանը փորձում է այդ ձևաչափում ներգրավել:
- Տարածաշրջանի չորս երկրների փոխհամագործակցությունը ի՞նչ ազդակներ ունի Ռուսաստանի համար:
- Թուրքիան փորձում է մոբիլիզացնել իր դիրքերը, իսկ Վրաստանը Կովկասում առանձնանում է իր հակառուսական կեցվածքով և առիթը բաց չի թողնում տարբեր ոլորտներում ներգրավվելու հարցում: Ֆորմատն, ամեն դեպքում, Թուրքիայի ներգրավվածությամբ է, առանց Ռուսաստանի մասնակցության և ունի հակառուսական տրամադրվածություն, իսկ այս տեսանկյունից Իրանի մասնակցությունն այդքան էլ շահավետ չէ Ռուսաստանի համար: Քանի որ ՌԴ-ն փորձում է հնարավորինս կոորդինացնել աշխատանքները թե՛ Թուրքիայի, թե՛ Իրանի, թե՛ Իսրայելի հետ, առաջին հերթին մերձավորարևելյան ու սիրիական զարգացումների տեսքով, առաջիկայում նախատեսված է եռակողմ՝ Իրան, Թուրքիա, Ռուսաստան հանդիպում սիրիական թեմայի համատեքստում: ՌԴ-ին այնքան էլ ձեռնտու չէ, որ Իրանը մերձենա Թուրքիայի հետ գոնե այս իրավիճակային փուլում, կարելի է ասել, որ Ռուսաստանն էլ իր քայլերով կփորձի չեզոքացնել Թուրքիա-Իրան հնարավոր զարգացնող մերձեցումը:
- Իսկ Ռուսաստանի այդ հնարավոր քայլերում հնարավո՞ր է Հայաստանը ներառված լինի, և ինչպե՞ս պետք է ներառված լինի: Տնտեսական ծրագրերի, տարբեր տրամաչափի պայմանավորվածություններում Հայաստանը չկա: Հայաստանը մասնակցության շանսեր չունի՞, թե՞ ունի, պարզապես այդ հնարավորությունները չի կիրառում:
- Հայաստանի Հանրապետությունը, լինելով ԵԱՏՄ անդամ, կարող է օգտագործել իր տնտեսական, քաղաքական հնարավորությունները, որպեսզի Ռուսաստանն ու Իրանը կարողանան երկկողմանի և ԵԱՏՄ ձևաչափով համագործակցեն, Հայաստանը կարող է և ունի շատ մեծ պոտենցիալ Իրանի հետ հարաբերություններում, քան այդ երկկողմ հարաբերությունների մակարդակն այսօր կա, զարգացման պոտենցիալը մեծ է:
Հայ-ռուսական ֆորմատը կարող է աշխատել և Հայաստանը կարող է միջնորդ լինել, որպեսզի Իրանի ներգրավվածությունը Հարավային Կովկաս հնարավորինս քիչ պայմանավորվի Թուրքիայի ու Ադրբեջանի հետ: Կարծում եմ՝ Իրանին ձեռնտու չէ այդ ֆորմատի մեջ ներգրավումը, որովհետև դա ավելի շուտ թուրքական ֆորմատ է, դրա հիմնական կոորդինացնողը Թուրքիան է, և եթե դա հեռանկարային առումով դիտարկենք, դա Իրանին ձեռնտու չէ:
Ինչ վերաբերում է ՀՀ-ի անմասն մնալուն, մեկուսացվելուն գրեթե բոլոր պրոյեկտներից, որոնք իրականացվում են Հարավային Կովկասում, ապա դրա օբյեկտիվ պատճառներն ավելի շատ են, քան սուբյեկտիվ պատճառները: Սակայն, Վրաստանի և Իրանի միջոցով Հայաստանն ունի ավելի հնարավորություններ, ավելի շոշափելի ձեռքբերումներ ունենալու հնարավորություններ: